factor.am: Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, որն ընդդիմության հետ համաձայնությամբ լքել է պաշտոնը։ «Կողմ» է քվեարկել 28, «դեմ»՝ 1 պատգամավոր։ Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գործող փոխնախագահ Բադրա Գունբան, գրում է RESPUBLICA-ն։
Քվեարկությունը եղել է փակ, գաղտնի։
Նիստին ներկա են եղել 35 պատգամավորներից 31-ը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Ասլան Բժանիան Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի ապրիլից՝ փոխարինելով Ռաուլ Խաջիմբային, որը հրաժարական էր տվել բողոքի ցույցերից հետո։
Նախօրեին տեղի ունեցած իշխանության և ընդդիմության բանակցությունների արդյունքներով Ասլան Բժանիան հայտարարել է հրաժարականի մասին՝ «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։
Ձեռք բերված պայմանավորվածության պայմանների համաձայն՝ ընդդիմությունն այժմ պետք է ազատի անցած շաբաթվա բողոքի ցույցերի արդյունքում գրավված բոլոր կառավարական շենքերը։ Հրաժարականի մասին հայտարարել է նաև չճանաչված հանրապետության վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
comment.count (0)