Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|
09:53 - 22 նոյեմբերի, 2024

Միջազգային արձագանքը ՄՔԴ-ի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ձերբակալության հրամաններին |armenpress.am|

armenpress.am: Մի շարք երկրներ արձագանքել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Այս հրամանները տրվել են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում դատապարտել է ՄՔԴ-ի կողմից այս որոշման ընդունումը։

«Այսօր մութ օր է մարդկության պատմության մեջ, Հաագայի միջազգային դատարանը, որը ստեղծվել է մարդկությանը պաշտպանելու համար, այսօր դարձել է մարդկության թշնամին: Դա հակասեմական ​​քայլ է, որն ունի մեկ նպատակ՝ հետ պահել ինձ, հետ պահել մեզ մեր բնական իրավունքից՝ պաշտպանվելու թշնամիներից, որոնք փորձում են ոչնչացնել մեզ», - ասել է նա:

ՄՔԴ-ի որոշումը դատապարտել են նաև Իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Յոավ Գալանտը, նախագահ Իսահակ Հերցոգը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը։

ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ ՄՔԴ-ն «ընդլայնի պատասխանատվության ենթարկելու շրջանակները»՝ դա տարածելով «հանցավոր օկուպացիայի բոլոր ղեկավարների վրա»։

Պաղեստինյան ազգային վարչությունը ողջունել է որոշումը և դատարանի անդամներին հորդորել իրագործել այն։

Սպիտակ տունը մերժել է ՄՔԴ-ի որոշումը։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝ ԱՄՆ-ն «մտահոգված է դատախազի կողմից ձերբակալության հրամաններ ստանալու շտապողականության և այս որոշմանը հանգեցնող գործընթացում անհանգստացնող սխալների առնչությամբ»։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլորը հետևեն միջազգային օրենքին։

Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կկատարեն Հռոմի ստատուտով և միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները։ 

Ավստրիան նույնն է ասել, սակայն երկրի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ձերբակալման հրամանն անվանել է անհեթեթ։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես ասել է, որ իր արձագանքը կհամապատասխանի ՄՔԴ-ի ստատուտներին, սակայն հրաժարվել է հաստատել, որ կձերբակալի Նեթանյահուին։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը նույնպես ասել է, որ երկիրը հարգում է ՄՔԴ-ի որոշումները, սակայն չի հաստատել, որ Լոնդոնը կհետևի ձերբակալման հրամաններին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։ 

Թուրքիաի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանը «հուսադրող» է` հավելելով, որ Անկարան կշարունակի աշխատել՝ «ապահովելու, որ միջազգային օրենքն իրագործվի ցեղասպանությունը պատժելու համար»։ 

Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին նույնպես հայտարարել է, որ ՄՔԴ-ի որոշումները հարկավոր է հարգել և իրագործել, քանի որ «պաղեստինցիներն արժանի են արդարության»։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության համար, ողջունել է ՄՔԴ-ի որոշումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել