news.am: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ընդլայնի փախստականներին եւ նրանց ընդունող երկրներին օգնության ցուցաբերումը: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այսօր Ժնեւում փախստականների հարցերով գլոբալ համաժողովում:
«Հիմա մեզ ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է միջազգային հանրության համագործակցությունը եւ գործնական, արդյունավետ պատասխանները [փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին հուզող հարցերին]»,- ասել է նա: ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պետք է շնորհակալ լինի երկրներին, որոնք փախստականների մեծաթիվ խմբեր են ընդունում, սակայն «շնորհակալությունը բավարար չէ, եւ ներկայիս անկայունության շրջանում միջազգային հանրությունը պետք է ավելին անի» նրանց աջակցելու համար: Խոսքը ինչպես ֆինանսական օգնության մասին է, այնպես էլ տնտեսական զարգացման ծրագրերին օժանդակելու:
Գուտերեշը հիշեցրել է, որ հիմա աշխարհում կա 70 միլիոնից ավելի մարդ, որոնք հարկադրված լքել են իրենց տները: Նրանցից 25 միլիոնից ավելին ապաստան են գտել իրենց պետությունների սահմաններից դուրս: «Այն ժամանակ, երբ ապաստան ստանալու իրավունքը հարձակումների է ենթարկվում, եւ այդքան շատ դռներ փակ են փախստականների համար, երբ այդքան շատ փախստական երեխաներ հսկողության տակ են եւ բաժանված են իրենց ընտանիքներից, մենք պետք է հաստատենք փախստականների մարդկային իրավունքները»,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ կոչ անելով զբաղվել խոր պատճառներով, որոնք մարդկանց հարկադրել են հայրենիքը լքել:
comment.count (0)