Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ դոկտոր Ուիլյամ Ռուտոյին ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված հեռանկարներին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները՝ տնտեսական, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության առումներով։ Կարևորվել է երկխոսության շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախագահներն ընդգծել են նման համաժողովների նշանակությունը համաշխարհային բնապահպանական օրակարգում։
Հանրապետության նախագահը նաև նշել է, որ ուրախ կլինի համաժողովի շրջանակում Երևանում հյուրընկալել Քենիայի իր գործընկերոջը։ Իր հերթին Քենիայի նախագահը հրավիրել է Հանրապետության նախագահին պատեհ պահի այցելել իրենց երկիր, ինչպես նաև առաջարկել է համագործակցության հետագա խթանման համատեքստում նկատի ունենալ դեսպանություն հիմնելու հնարավորությունը։
comment.count (0)