Պենտագոնը հայտնել է ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերի «արտասովոր» հեռախոսազրույցի մասին |factor.am|
12:13 - 05 դեկտեմբերի, 2024

Պենտագոնը հայտնել է ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերի «արտասովոր» հեռախոսազրույցի մասին |factor.am|

factor.am: Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անցյալ շաբաթ «չափազանց արտասովոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Այս մասին հայտնում են ABC հեռուստաընկերությունը և New York Times-ը։

Ըստ ABC-ի՝ Գերասիմովը նոյեմբերի 27-ին զանգահարել է Բրաունին և զգուշացրել Միջերկրական ծովում ռուսական նավերից գերձայնային հրթիռների առաջիկա փորձնական արձակման մասին։ Դեկտեմբերի 3-ին ՌԴ Pաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարեց, որ փորձարկումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Ըստ New York Times-ի` Գերասիմովը նաև ասել է ամերիկացի գործընկերոջը, որ նոր հրթիռի փորձարկումը, որը Կրեմլն անվանում է «Օրեշնիկ», ծրագրվել է շատ ավելի վաղ, քան Բայդենի վարչակազմը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար:

Մինչդեռ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրթիռային հարձակումը ներկայացրել է որպես պատասխան ՌԴ տարածքում ATACMS-ի առաջին հարվածին։

ABC-ն և New York Times-ը հայտնում են զրույցի բովանդակությունը Պենտագոնի անանուն աղբյուրներից։ Բրաունի մամուլի քարտուղար, կապիտան Ջերիլ Դորսին հաստատել է զանգը և հավելել, որ «գեներալ Գերասիմովի խնդրանքով գեներալ Բրաունը համաձայնել է իր նախաձեռնությամբ չհրապարակել զանգի բովանդակությունը», մեջբերում է NYT-ը։ Մոսկվան չի մեկնաբանել այս լուրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել