1lurer.am: Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Միևնույն ժամանակ Բերբոքը նշել է, որ Թուրքիայի անվտանգության համարի Սիրիայից որևէ սպառնալիք չպետք է լինի: Նրա խոսքով՝ Սիրիայում քուրդ աշխարհազորայինները պետք է զինաթափվեն և միանան Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերին:
Ֆիդանն էլ հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, որոնց Անկարան կապում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, չեն ներկայացնում քրդական հասարակությունը: Նախարարը հայտարարել է, որ զինյալները պետք է զինաթափվեն և ինքնալուծարվեն։
Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
comment.count (0)