hetq.am: Երևանի քաղաքապետարանը հստակեցրել է շինարարության ընթացքում կառուցապատողի կողմից շենքերը և շինությունները ծածկելու պահանջները:
Նախկինում շենքերի և շինությունների վերակառուցման և կառուցման աշխատանքների ընթացքում կառուցապատողը պետք է կազմակերպեր վերակառուցվող կամ կառուցվող շենքի կամ շինության արդեն իսկ կառուցված ամբողջ հատվածի 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը:
Այժմ քաղաքապետարանը հստակեցրել է օրենքի պահանջը՝ ավելացնելով, որ շինարարության ամբողջ ընթացքում շինությունը պետք է լինի ցանցով ծածկված մինչև շինարարական աշխատանքների ավարտը, այդ թվում՝ երեսպատման, շենքի արտաքին հատվածներում բազրիքների և այլ տարրերի ու պատուհանների տեղադրման աշխատանքների կատարումը: Որոշումն ընդունվել է այսօր Երևանի ավագանու հերթական նիստում։
Ցանցով ծածկումը պետք է իրականացվի ցանցը կառուցվող կամ վերակառուցվող շենքից կամ շինությունից մինչև 2.5 մետր հեռավորության վրա՝ առանձին կոնստրուկցիայի վրա ամրացնելու միջոցով:
Ավագանու որոշման հիմնավորմամբ քաղաքապետարանն այսկերպ փորձում է նվազեցնել Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը։
comment.count (0)