1,5 մլրդ դրամ կուղղվի 15 տրոլեյբուսների ձեռքբերմանը. քննարկվում է Երևան քաղաքի 2025-ի բյուջեն |1lurer.am|
13:14 - 24 դեկտեմբերի, 2024

1,5 մլրդ դրամ կուղղվի 15 տրոլեյբուսների ձեռքբերմանը. քննարկվում է Երևան քաղաքի 2025-ի բյուջեն |1lurer.am|

1lurer.am: Երևան քաղաքի՝ 2025 թվականի բյուջեի նախագծով եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 159 մլրդ 390 մլն դրամ: Սեփական եկամուտները կազմում են 90 մլրդ 234 մլն դրամ՝ 2024-ի նախատեսվածից ավելի 28 մլրդ 719 մլն դրամով կամ 46,7 տոկոսով: Դոտացիան նախատեսվում է 9 մլրդ 550 մլն դրամ: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով Երևանի՝ 2025 թվականի բյուջեի նախագիծը:

«Երևան քաղաքի՝ 2025-ի բյուջեի ծախսերի մասը ծրագրավորվել է 159 մլրդ 487 մլն դրամի չափով: Նախագծի ծախսային մասն ավելի է 2024 թվականի ճշտված բյուջեից 23 մլրդ 53 մլն դրամով, իսկ 2024 թվականի հաստատվածից՝ 34 մլրդ 569 մլն դրամով, ինչը պայմանավորված է 2025 թվականի Երևան քաղաքի սեփական եկամուտների ավելացմամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ավելացմամբ»,- ասաց նա:

Քրիստինե Ավետիսյանը ներկայացրեց նաև ոլորտային ծախսերը. ըստ այդմ՝ համայնքի միջոցների հաշվին ասֆալտապատման աշխատանքների համար կտրամադրվի 3 մլրդ 43 մլն դրամ:

Տրանսպորտային համակարգի ոլորտի բարեփոխման շրջանակներում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին կուղղվի 19 մլրդ 278 մլն դրամ, «Երևանի էլեկտրատրանսպորտին»՝ 1 մլրդ 194 մլն դրամ, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին՝ 4 մլրդ 876 մլն դրամ: Շուրջ 1,5 մլրդ դրամ կուղղվի 15 տրոլեյբուսների ձեռքբերմանը, ինչպես նաև 580 մլն դրամով կիրականացվեն տրանսպորտային հավաքակայանների վերակառուցման աշխատանքներ: Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին կուղղվի 9 մլրդ 640 մլն դրամ:

«Նախագծով 30 տոկոսի չափով ավելացվել են երաժշտական, արվեստի և մարզական դպրոցների, մշակույթի տների և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը, իսկ գրադարանի աշխատակիցների աշխատավարձը՝ 15 տոկոսով»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել