Սիրիայում իրավիճակի հետընթացի պատճառներից մեկը սոցիալական խնդիրները լուծելու Ասադի անկարողությունն էր. Լավրով |news.am|
13:35 - 30 դեկտեմբերի, 2024

Սիրիայում իրավիճակի հետընթացի պատճառներից մեկը սոցիալական խնդիրները լուծելու Ասադի անկարողությունն էր. Լավրով |news.am|

news.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում Սիրիայում իրավիճակի սրընթաց զարգացումը բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ սոցիալական խնդիրները լուծել չկարողանալով, որում մեծ դեր են խաղացել ԱՄՆ ապակառուցողական քայլերը։

«Արդեն այժմ կարելի է ասել, որ իրավիճակի հետընթացի պատճառներից մեկը տևական քաղաքացիական հակամարտության պայմաններում նախկին ղեկավարության՝ բնակչության հիմնական կարիքները բավարարել չկարողանալն էր»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համոզիչ հաջողություններից հետո սիրիացիների հույսերը, որ իրենց կյանքը դեպի լավը կփոխվի, չարդարացան»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ «սա Վաշինգտոնի մեծ մեղքն է, որն իրականում օկուպացրել է Սիրիայի ռեսուրսներով ամենահարուստ հյուսիսարևելյան շրջանը, ինչպես նաև լուրջ պատժամիջոցներ է գործադրում Դամասկոսի դեմ՝ իր արբանյակների կոալիցիայի գլխավորությամբ»:

Նրա խոսքով սիրիական տնտեսությունը խեղդելու այս գիծը մշտապես սոցիալական դժգոհություն է առաջացրել։

«Այս իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել ոչ պոպուլյար միջոցներ ձեռնարկել, մասնավորապես՝ նվազեցնելով կամ վերացնելով սոցիալական կարևոր ապրանքների և ծառայությունների սուբսիդիաները»,- ասել է նա՝ հավելելով, որ հասարակության մեջ աճում էին բողոքի տրամադրությունները, և քաղաքացիների կողմից կառավարությանը ցուցաբերվող աջակցության մակարդակը անշեղորեն նվազում էր»:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը «օգնություն է ցուցաբերել բարեկամ սիրիացի ժողովրդին, այդ թվում՝ մարդասիրական օգնության, հակամարտության ընթացքում ավերված սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման, սիրիացի փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի համար նյութական բազա ստեղծելու միջոցով, և նպաստել է քաղաքական կարգավորմանը, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակում»։

Սակայն կարելի է փաստել, որ նախորդ իշխանությունները, չնայած մեր հրատապ առաջարկություններին և ակտիվ աջակցությանը, չկարողացան կառուցողական երկխոսություն հաստատել ընդդիմադիրների և տարածաշրջանային ազդեցիկ հարևանների հետ՝ լիարժեք քաղաքական գործընթաց սկսելու, ինչպես նաև լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է Լավրովը։

Այժմ ռուսական կողմը, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը, սակայն դեռ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել