Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որոնցում կհարգվեն ՀՀ-ի շահերը |armenpress.am|
14:09 - 23 հունվարի, 2025

Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որոնցում կհարգվեն ՀՀ-ի շահերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող սկզբունքները։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար առկա հարթակների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության մասին։

Նրա խոսքով՝ բանակցային այն հարթակներում, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, Երևանի համար ընդունելի են։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցը նաև հենց դրա մասին է։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում մեր ներկայացրած առաջարկներին, ապա ես կարծում եմ, որ դրանք այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ տարածքի մասին այնպես, ինչպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Վերջինիս բնորոշմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունները բազմակողմ հարթակներով են տեղի ունենում, և Երևանն օգտագործում է բոլոր հնարավորություններն՝ առաջ տանելու համար խաղաղության օրակարգը։

«Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև կարծում ենք, որ մեկ հարթակում մինչ այս այդքան էլ արդյունավետ չեն եղել այդ քննարկումները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել