Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով |factor.am|
14:48 - 23 հունվարի, 2025

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը «Մարտի 1-ի» վերաբացված գործով նոր մեղադրանք առաջադրեց 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին:

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանն Օհանյանին նախկինում մեղսագրված՝ սահմանադրական կարգը տապալելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխարինեց նոր մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորություններն անցնել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսօրվա նիստին նախատեսված էր հրապարակել նաև Արմեն Գևորգյանին առաջադրված նոր մեղադրանքը, սակայն, հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ այլ նիստով ծանրաբեռնվածության հանգամանքը, նիստը հետաձգվեց։ Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ Արմեն Գևորգյանի պաշտպանը բարձրացրեց Գևորգյանի՝ գործուղման մասնակցության նպատակով արտերկիր մեկնելու հարցը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը Գևորգյանին հիշեցրեց մեղադրյալի կարգավիճակի մասին, ինչն ակնհայտ դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորին։ Դատավոր Պետրոսյանը վրդովվեց. «Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք, եթե դատարանը չթույլատրի, այդ դեմքով կգնաք թույլատրողներին կասեք, այդպես չնայեք դատավորին։ Ովքեր Ձեզ գործուղում են, ասեք, որ Հակակոռուպցիոն դատարանում ունեք մեղադրյալի կարգավիճակ, ունեք կիրառված խափանման միջոց և, եթե շարունական բնույթ կրի Ձեր գործուղումները, դատարանը առաջնահերթության կարգով կքննարկի խափանման միջոցի հարցը և ավելի պիտանի խափանման միջոց կընտրի և մինչև հաջորդ դատալսումները այդ հարցին չի անդրադառնա»։

Գևորգյանը ևս վրդովվեց. «Իմ նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի եղել, անգամ չգիտեմ, թե երրորդ անգամ որ արարքում են ինձ մեղադրել։ Ես այս պահին հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և ներկայացուցիչ, իսկ գործուղումների ուղարկում է հենց Ազգային ժողովը»։

Այնուամենայնիվ, դատարանը թույլատրեց Գևորգյանին՝ հունվարի 29-ից փետրվարի 9-ը և փետրվարի 13-16-ն ընկած ժամանակահատվածում հատել ՀՀ սահմանը՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել