armenpress.am: Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 23-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ընթացող հայ գերիների շինծու դատավարությանը վերաբերող հարցը։
«Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունում ասվում է, որ «Կողմերը համաձայնել են գործադրել լրացուցիչ ջանքեր` ուղղված մնացած խնդիրների լուծմանը` ներառյալ հումանիտար հարցերի բլոկը»»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ եռակողմ պայամանավորվածությունների իրագործումը կնպաստի վստահության, Երևանի եւ Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին։
comment.count (0)