Անխոչընդոտ հաղորդակցությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցություններից
13:54 - 31 հունվարի, 2025

Անխոչընդոտ հաղորդակցությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցություններից

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, պայմանավորվածության համաձայն, հանդիպումներ կունենան, բայց այս պահին կոնկրետ տեղի և ժամի մասին պայմանավորվածություն չկա: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետության սահման, Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ սահմանագծման աշխատանքներում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մնացած տեղեկությունները կհայտնեն։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք ըստ էության չկա, ապա ներկայացրեց.
«Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ:

Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:
[2-րդը հայցերը] միջազգային ատյաններից հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել»:

Ապա Փաշինյանը ներկայացրեց, թե որն է գաղափարը. «Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որեւէ բան հետ կանչում, այլեւ այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես: Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին եւ դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ, իսկ այդ պարագայում արդեն մենք մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակները օգտագործելու համար»:

Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան լրագրողի հարցին, անդրադարձավ նաև հաղորդակցության ուղիներին՝ նշելով, որ ոչ թե առաջարկ են ներկայացրել Ադրբեջանին, այլ հարցի լուծում, որը հաշվի է առնում և՛ Հայաստանի դիրքորոշումները, և՛ Ադրբեջանի:

«Լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախջեւանի Ինքնավար Հանրապետություն և այն առաջինը պարզ է Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով: Ինչո՞ւ Մեղրիով, որովհետեւ մյուս երկաթուղին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա, գիտեք, Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելը այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված եւ շատ շատ բարդ խնդիր է։ Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաները այն աստիճան կակտիվանան, այն եկամտաբերություն կապահովեն, որ այդ ներդրումը, որը շատ մեծ ներդրում է, իմաստ կունենա։ 

Բայց էժան տարբերակը եւ իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջեւան հակառակ ուղղությամբ եւ Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի եւ հակառակ ուղղությամբ՝ և՛ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առեւտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առեւտրի կամ բեռնափոխադրումների համար»,- մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ  նրբություններից է այն, որ այս փուլում որոշ ժամանակ սկսվեն բեռնափոխադրումները, հետո, երբ որ մթնոլորտը ավելի համապատասխան կլինի, մտածեն նաեւ ուղեւորափոխադրումների մասին։

Փաշինյանը նշեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչու ադրբեջանական կողմը պետք է մերժի այս առաջարկը. «Հիմա իրենք դրան ի՞նչ անուն են տալիս, մենք դրան ի՞նչ անուն, սա էլ առանձին թեմա է, գիտե՞ք։ Որովհետև ես չեմ բացառում, որ ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք մեր ձևով ենք անվանելու։ Սա էլ կա, բայց հարցի էությունն է կարեւոր, բովանդակությունն է կարեւոր։ Եվ այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որեւէ բան չկա եւ լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաեւ այն ակնկալիքներին, որը Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ընթացքում, եւ սա շատ կարեւոր է։

Որովհետեւ մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով։ Իհարկե անխոչընդոտ, ժամանակակից աշխարհը անընդհատ աշխատում է, որ բոլոր հնարավոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն լինի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել