Ավելի քան հինգ հարյուր հազար պաղեստինցիներ՝ Գազայի հատվածի բնակչության գրեթե մեկ քառորդը, վերադարձել են շրջանի հյուսիս:
Այս օրերին Գազայում բուռն քննարկման առարկա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է իր վերահսկողության ներքո վերցնել պաղեստինյան այդ շրջանը:
Պաղեստինցի Սամիհա Զահերն ասում է․ «Թրամփը կարող է երազել։ Նա կարծում է, թե կարող է մեզ տեղահանել կամ վտարել»։
Երեքշաբթի Թրամփին հարցրել էին՝ արդյո՞ք ամերիկյան զորքեր կուղարկի Գազայի հատվածը գրավելու համար։
«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե անհրաժեշտ լինի, մենք այդ կանենք։ Պատրաստվում ենք վերցնել այդ կտորը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չորեքշաբթի պարզաբանել է Թրամփի հայտարարությունը. «[Ասվածը] չի նշանակում, որ ամերիկացի հարկատուները կֆինանսավորեն այդ ջանքերը: Այն նշանակում է, որ Դոնալդ Թրամփը, որը մոլորակի լավագույն գործարք կնքողն է, պատրաստվում է գործարք կնքել տարածաշրջանում մեր գործընկերների հետ»։
Սակայն ԱՄՆ մերձավորարևելյան գործընկերները դատապարտել են գաղափարը, ներառյալ՝ Հորդանանը և Եգիպտոսը, երկու հարևան երկրներ, որոնց Թրամփը հորդորել է ընդունել պաղեստինցիներին:
Հորդանանի թագավոր Աբդալլահը չորեքշաբթի Ամմանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նույն օրը Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Եգիպտոսի արտգործնախարարին՝ Կահիրեում:
Բոլորը ընդգծել են, որ հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է և՛ հրեական, և՛ պաղեստինյան պետությունների գոյությունը։
Նույն տրամաբանության մեջ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը:
«Կենսական է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի հիմքերին: Էական է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից»,- հայտարարել է նա։
Սաուդյան Արաբիան՝ արաբական աշխարհի առաջատար երկիրը, հայտարարել է, որ իր աջակցությունը Պաղեստինի պետականության ստեղծմանը «հաստատուն և անսասան է»:
Փաստորեն, Ռիյադի նշված հայտարարությունը հակասում է երեքշաբթի Թրամփի հնչեցրած խոսքերին, թե սաուդցիները չեն պահանջում պաղեստինյան պետականության հիմնում:
«Սաուդյան Արաբիան շատ օգտակար է լինելու, և նրանք շատ օգտակար են եղել: Նրանք խաղաղություն են ուզում Մերձավոր Արևելքում»,- ասել է Թրամփը:
Մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման հարցով սաուդցիները բանակցում էին Բայդենի վարչակազմի հետ, սակայն այդ բանակցությունները դադարեցվեցին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» հարձակման պատճառով։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Մադավի ալ-Ռաշիդն ասում է.
«[Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն] Մուհամեդ բեն Սալմանը այս պահին ոչ մի անմիջական օգուտ չի տեսնում իր համար՝ իրականացնելու նախագահ Թրամփի ծրագիրը, որն, ի դեպ, վրդովեցուցիչ է, և ամբողջ աշխարհը, կարծես, դեմ է դրան»:
«Նրանց պետք է թույլ տան տուն վերադառնալ: Նրանց պետք է թույլ տալ վերակառուցել, և մենք պետք է նրանց հետ լինենք այդ գործում՝ երկու պետությունների լուծման ճանապարհին»,- իր հերթին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Սպիտակ տունն ընդգծում է՝ Թրամփի ծրագրի համաձայն՝ նախատեսվում է միայն ժամանակավորապես տեղափոխել պաղեստինցիներին:
«[Այդ տարածքը] որևէ մեկի համար բնակելի վայր չէ: Կարծում եմ, իրականում, դաժան բան է առաջարկել, թե մարդիկ պետք է ապրեն նման ծանր պայմաններում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Լևիթը հավելել է, որ Թրամփը առաջիկա օրերին կխոսի տարածաշրջանի առաջնորդների հետ:
Այս ամենի ֆոնին՝ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ծագել Գազայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների պատճառով։
comment.count (0)