Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել Հաագայի դատարան  
 |azatutyun.am|
14:56 - 13 փետրվարի, 2025

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել Հաագայի դատարան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը հղում է անում 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիային (Բեռնի կոնվենցիա), պնդելով, որ Հայաստանը, այդ փաստաթղթին միանալով, իրավական պարտավորություններ էր ստանձնել։

«Տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո Ադրբեջանը վերհանել է Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր: Այդ երկիրը չի պաշտպանել կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկում կենսաբնակավայրերն ու տեսակները: Հայաստանի գործողությունները լրջագույն անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին և տեսակներին»,- ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում «լայնածավալ անտառահատումներ, հանքարդյունաբերության անարդյունավետ աշխատանքներ է իրականացրել, հիդրոէլեկտրակայանների կառուցել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետությանը սպառնում է «միջազգային պատասխանատվության ենթարկել»:

Բաքուն հիշեցնում է, որ ավելի վաղ՝ 2023 թվականի հունվարին, Հայաստանին ծանուցել է «վերոնշյալ ապացույցների հիման վրա արբիտրաժային վարույթ սկսելու մասին»։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ «Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի թալանին մասնակցել է ոչ միայն Հայաստանը»։ Բայրամովը, սակայն, հրաժարվել է հստակեցնել, թե որ երկրներին նկատի ունի:

Դեռ 2021թ.-ին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգայնորեն արգելված զենքերի մասշտաբային կիրառման հետևանքով շրջակա միջավայրին անդառնալի վնաս է հասցվել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել