factor.am: Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները: Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրաամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել։
Նշելով, որ միջնորդության մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմքեր չկան՝ դատախազները խնդրել են մերժել միջնորդությունը։ Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։
Նշվել է, թե Հայաստանը Ռուբեն Վարդանյանի և մյուսների միջոցով զինել է Լեռնային Ղարաբաղին և նրա կողմից ստեղծված «ապօրինի զինված կազմավորումները Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում» և ներկայացվել, թե որքան զենք ու զինամթերք է տրամադրվել։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հրապարակել է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրվում է Ռուբեն Վարդանյանը։
Այսպիսով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը։
Օրենքով սահմանված կարգով դատավորը հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)