azatutyun.am: Փետրվարի 19-ին Կիև ժամանած Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին նույն օրն ընդունել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին, ինչպես նաև ուկրաինական հատուկ ծառայությունների ղեկավարները, չորեքշաբթի երեկոյան տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկի-Քելլոգ հանդիպումը նախատեսված է այսօր։ «Որպեսզի Ամերիկայի հետ աշխատանքը կառուցողական լինի», Ուկրաինայի նախագահը կարևորել է ամերիկացի բանագնացի հետ հանդիպումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիև ժամանելուց հետո ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն իր ուկրաինացի գործընկերներին վստահեցրել է. - «Մենք կլսենք։ Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ պետք է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է: Հետո ես կվերադառնամ Միացյալ Նահանգներ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»։
Տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը չի մեկնաբանել իր հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությունները։
Երեկ TruthSocial կայքում Թրամփը գրել է, որ «Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է»։ «Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա», - նշել է նա: ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահին նաև անվանել է «համեստ հաջողության հասած կատակերգու»։
comment.count (0)