news.am: Պատմական առումով Հայաստանը փորձել է պահել հավասարակշռությունը ամենասկզբից. Ալեքսանդր Մեծն էր, հետո կար Պարսից կայսրությունը, հետո՝ Հռոմեական կայսությունը, հետո՝ Օսմանյան կայսրությունը, Ռուսաստանի կայսրությունը: Այս ամենը գոյատևման քաղաքականության մասին էր, և մենք միշտ փորձել ենք ավելի լավ տարբերակները գտնել: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Փոխարտգործնախարարը հիշեց՝ մի հանդիպման ժամանակ գործընկերներից մեկն իրեն հարցրել է՝ ո՞րն է Հայաստանի քաղաքակրթության ընտրությունը. «Ես ասում եմ, որ մեր որոշումը 301 թվականին է ընդունվել՝ քրիստոնեությունը ընդունելով: Իրականում Հայաստանը Եվրոպայի մաս է, և ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել: Մենք պետք է փորձենք այս մարտահրավերներով լի իրականության մեջ ավելի լավ տարբերակ ընտրել: Սա մեր թեման է, մենք պետք է ավելի առաջ գնանք, երբեմն՝ ավելի փոքր քայլերով և տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը:
Իհարկե, մենք չենք կարող ծայրահեղ քայլեր անել, որոնք կարող են վտանգել մեր երկիրը և մեր անվտանգությունը, բայց մենք գիտենք, որ կա մի տարբերակ մեր զարգացման համար. դա ժողովրդավարությունն է»:
comment.count (0)