hetq.am: Փետրվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր տարածեցին Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությունից։ Կադրերում երևում էր, որ Վարդանյանի դեմքին առկա են կապտուկներ և վնասվածքներ։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ կատարվողը ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ է։
«Միջազգային մարդասիրական իրավունքում գործում է մի սկզբունք՝ եթե անձը առանց վնասվածքների եւ լավ առողջական վիճակով մուտք է գործել փակ հաստատություն, սակայն նրա վրա հետագայում հայտնաբերվում են վնասվածքների հետքեր, ապա դրանք պատճառելու պատասխանատվությունը կրում է պետությունը, եթե չապացուցի, որ դրանք արդյունք են եղել բնական զարգացումների եւ խոշտանգումների միտում չեն ունեցել։ Այս պարագայում նույն ադրբեջանական դատարանը որեւէ կերպ չի պարզաբանում, թե որտեղից են առաջ եկել այդ վնասվածքները։ Սա նշանակում է, որ տեսանելի խոշտանգումների հատկանիշներ ունեցող անձի առնչությամբ ոչ թե ընթանում է խոշտանգման բացահայտման քննություն, այլ հավելյալ ենթարկվում է ցուցադրական խոշտանգումների իր հայ լինելու, Արցախի հակամարտության առնչությամբ տեսակետներ արտահայտելու եւ Արցախի բնակչությանը միջազգային հանցագործություններից պաշտպանելու համար։ Այստեղ մենք ցուցադրական վրեժխնդրության գործելակերպ ենք տեսնում, ինչը հակասում է նաեւ մարդասիրության սկզբունքին»,- ասում է իրավապաշտպանը։
2025-ի հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ևս 8 քաղաքացիական անձանց՝ Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի գործերը քննվում են մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Սիրանուշ Սահակյանի խոսքով, այս դատավարությամբ ամբողջովին խախտվում են արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Միաժամանակ, թե Ռուբեն Վարդանյանը եւ թե Բաքվում պահվող մյուս հայերը շարունակաբար ենթարկվում են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի փակ հաստատություններում։ Այդ գործելակերպը իր շարունակությունն է ստանում դատական գործընթացում, որին ներկա են նաեւ պետական լրատվամիջոցներ և հանրության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել։ Հարազատաների հետ հեռախոսազրույցում նա տեղի ունեցողը քաղաքական շոու էր որակել, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իրավունքը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որ «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:
Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները»,- ասել էր Վարդանյանը:
Արցախի նախկին պետնախարարը այս «դատաքննությունը» բոլոր հայերին դատապարտելու փորձ էր անվանել։ «Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,- հավելել էր նա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բոլոր միջոցներով պաշտպանի օտարերկրյա պետություններում քաղաքական եւ այլ հատկանիշներով հալածանքների ենթարկվող հայերին։ Եվ հատկապես այս դեպքում Հայաստանի պատասխանատվությունը մեծ է, քանի որ հալածանքի հատկանիշներից մեկը ազգությունը եւ էթնիկ պատկանելությունն է։
«Հայաստանը չպետք է բավարարվի միայն այս անձանց անունից կամ նրանց ներգրավվածությամբ դատական գործընթացներ նախաձեռնելուց։ Հայաստանը պետք է ապահովի նաեւ միջազգային ներգրավվածություն այս խախտումների շարունակականությունը կանխելու նպատակով։ Ճիշտ է, հայ-ադրբեջանական հարաբերությունների որակն այնպիսին է, որ հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվում այնտեղ հայտնված հայերին, սակայն դրան փոխարինող գործիքակազմեր կան։ Այս հյուպատոսական այցելության իրավունքը հենց միտված է բացառելու իրավունքների խախտումները այլազգիների նկատմամբ, կանխելու խոշտանգումները եւ դրանք հայտնաբերելու պարագայում նաեւ դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով հասնել այդ իրավիճակի շտկմանը։ Հայաստանը այս պայմաններում որեւէ միջոց չի ձեռնարկել իրավունքի իրացումը այլ հյուպատոսական ծառայություններին պատվիրակելու նպատակով, եւ ստացվում է, որ անգամ իր քաղաքացիների իրական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ առանց տեղեկությունների նաեւ զրկված է պատշաճ քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք իրականացնելու հնարավորությունից։ Այս բացը լրացնելու մասով մենք հետեւողական աշխատանք չենք տեսնում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սահակյանը։
Սահակյանի խոսքով, այստեղ կարող է դերակատարում ունենալ նաև հասարակությունը։ Պետք է ակտիվ աշխատանք տարվի տարբեր պետությունների հասարակական կազմակերպությունների հետ և հանրային ճնշման տարբեր միջոցներով փորձ արվի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։
«Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ մարդասիրական նախաձեռնությունների համահեղինակ և համահիմնադիր է եւ իր նկատելի ներդրումը ունի գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Ուստի, նման կենսագրություն ունեցող մարդկանց չենք կարող թողնել այս իրավազուրկ կարգավիճակում։ Հանրային ճնշումը խիստ կարեւոր է, որ միջազգային կառույցների պատասխանատվությունը մեծ լինի, եւ նրանք հասկանան, որ հայ հասարակությունը պահանջատեր է իրենց իրավունքների իրացման հարցում»,- հավելեց Սահակյանը։
comment.count (0)