news.am: Տարբեր մարդիկ տարբեր վայրերում կազմակերպում են հավաքներ, որովհետև իրենց սիրտը ցավում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ի պաշտպանություն Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Ուզում եմ ձեզ խնդրել այս մարդկանց նկարների ներքո, Ռուբեն Վարդանյանի ձայնի, մտքի, հորդորի ներքո, որ հրաշքներ չեն լինելու, ամենքս այսօր որոշենք, որ այս մարդկանց համար այլևս մենք ենք պատասխանատու, որպես հայ ազգ, որ չի կորցրել իր արժանապատվությունը: Որևէ մեկը թող այսօրվանից իր համար որոշի ու հասկանա, որ սա կուսակցության մասին չէ, որևէ մեկի քաղաքական դիվիդենտի մասին չէ և չի լինելու:
Հայե՛ր, սա ձեր մասին է, եթե դուք կարողանում եք գիշերը քնել՝ իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, ես երևի ձեզ հետ խոսելու բան չունեմ: Այս շենքում են հիմա այն մարդիկ, որոնք կարողանում են քնել գիշերը, որոնք, լինելով պատասխանատու, որևէ բան չեն անում: Դուք վախկոտների նման ծվարել էիք, երբ Արցախի ժողովուրդը մտածում էր, դուք մոռացել եք իրենց: Այո, մոռացել էիք ու մոռացության եք փորձում մատնել նաև այս մարդկանց, որոնք մինչև վերջին շունչը Արցախում պայքարել են:
Ստոր եք բոլորդ, ովքեր հարցնում եք՝ բա ինչո՞ւ չեք կռվել։ Դուք ո՞վ եք։ Դուք գիտեիք այնտեղ ինչ է կատարվում։ Այնքան զոհ, ինչքան արցախցին տվեց այդ մի քանի օրը... Դուք ուղղակի երազում էինք նրանք չգան, ձեզ համար գլխացավանք չլինեն, որ կարողանաք վայելեք ձեր շրջագայությունները, ձվածեղները, հեծանիվները, իշխանությունը ձեզ դրա համար է պետք:
Նիկո՛լ Փաշինյան, ՔՊ, դուք հանցակից եք՝ ձեր լռությամբ, ձեր վարքով: Ռուբեն Վարդանյանն այլևս այստեղ քնել չէր կարող, որովհետև գիտեր, ինչ է կատարվում Արցախում, սա է ձեր պատկերը: Սա է՝ ինչ այսօր կատարվում է ու սրա մասին է լուռ ճչում Ռուբեն Վարդանյանը՝ իր հացադուլով, ստորացումներով ու խոշտագումներով, նա պաշտպանում է ՀՀ-ն: Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում գոռալով, որ ֆարս է տեղի ունենում»,- ասաց Թանդիլյանը:
«Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում՝ գոռալով, որ ֆարս է այնտեղ տեղի ունենում։ Նրան ցմահ են դատելու։ Արդյո՞ք մենք դա մարսելու ենք։ Մենք մեր լավագույն հայորդուն կորցնում ենք ադրբեջանական բանտում։ Մեզ ամոթ կլինի։ Սթափվեք»,- նշեց նա։
comment.count (0)