azatutyun.am: Թեհրանում Թուրքիայի դեսպանը երկուշաբթի օրը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան պաշտոնական բողոք է ներկայացվել թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունների առթիվ։
Թուրքիայի ԱԳ նախարարը «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը պետք է փոփոխությունների ենթարկի Սիրիայի հարցում իր քաղաքականությունը՝ «դադարեցնելով զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը»։
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում իսլամական հանրապետության ԱԳՆ Միջերկրածովյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մահմուդ Հեյդարին Թուրքիայի դեսպան Հիջաբի Կիրլանգիչին փոխանցել է, որ «երկու պետությունների ընդհանուր շահն ու տարածաշրջանային իրադրության զգայունությունը պահանջում են, որ կողմերը զերծ մնան սխալ մեկնաբանություններից և ոչ իրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում լարվածության և տարակարծությունների ի հայտ գալուն»։
comment.count (0)