«Գերիներին կարող եք ազատել միայն Դուք». ԱՄՆ-ի ազդեցիկ քրիստոնյա առաջնորդները՝ Թրամփին |civilnet.am|
11:13 - 12 մարտի, 2025

«Գերիներին կարող եք ազատել միայն Դուք». ԱՄՆ-ի ազդեցիկ քրիստոնյա առաջնորդները՝ Թրամփին |civilnet.am|

civilnet.am: Շուրջ երկու տասնյակ ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել և ազատել 24 քրիստոնյա գերիներին։ Վերջիններիս թվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն արդեն 23 օր է՝ հացադուլ է պահում և գտնվում է առողջական ծանր վիճակում։

«Հարգելի պարոն նախագահ,

Շնորհակալ ենք քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածյալ քրիստոնյաներին ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր և վճռական ուղերձ էր նրանց, ովքեր փորձում են խաթարել Հայաստանի անվտանգությունը և ոչնչացնել նրա՝ որպես Քրիստոսի ավետարանն առաջինն ընդունած երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությունը։

Դուք հստակ շեշտեցիք, որ, ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որը մշտապես հրաժարվել է պաշտպանել քրիստոնյաների իրավունքներն ամբողջ աշխարհում, Դուք կպաշտապնեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի յուրաքանչյուր անկյունում։

Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ դիմում ենք Ձեզ մի հարցով, որը կարող է լուծել միայն Ձեր որակներով օժտված առաջնորդը՝ մեկը, որին հարգում և որից վախենում են այլ երկրների ղեկավարները։

Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի՝ վտարելով նրանց իրենց նախնիների հողից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու էթնիկ զտումը կամ պատժելու այդ հանցագործության հեղինակներին։

Այդ ժամանակից ի վեր նույն ռեժիմը որպես պատանդ է պահում 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի նորադարձ քրիստոնյայի, որոնք, հավաստի տեղեկությունների համաձայն, ենթարկվում են պարբերական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ կազմակերպությունը, որն ուներ հասանելիություն և կարող էր հետևել գերիների վիճակին, վերջին օրերին պարտադրվել է լքել երկիրը։

Պարոն նախագահ, մենք հավատացած ենք, որ Դուք միակ մարդն եք, որը կարող է փրկել այս քրիստոնյա գերիներին։ Մի քանի ամիս առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց իսրայելցի գերիներին՝ վախենալով Ձեր վարչակազմից։

Ձեր հանձնառությունը Կովկասում, Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում խաղաղության ապահովմանը հանձնառություն է կայունությանն ու «Ամերիկան՝ առաջին տեղում» Ձեր քաղաքականությանը։

Հարգանքով՝

Դոկտոր Ալվեդա Քինգ, նախագահ, Ամերիկյան երազանքի կենտրոն

Պատվավոր Միշել Բախման, դեկան, Ռոբերթսոնի պետական կառավարման դպրոցը

Սոհրաբ Ահմարի, ԱՄՆ խմբագիր, UnHerd

Ռոդ Դրեհեր, լրագրող և հեղինակ

Թրոյ Միլլեր, նախագահ և գլխավոր տնօրեն, Ազգային կրոնական հեռարձակողների միություն

Դեսպան Սեմ Բրաունբեք, համանախագահ, IRF գագաթնաժողով

Շոն Ֆոյխթ, միսիոներ, երաժիշտ, ակտիվիստ, հեղինակ և բանախոս

Վիլյամ Վուլֆ, գործադիր տնօրեն, Բապտիստական առաջնորդության կենտրոն

Բոբ Վանդեր Պլաց, նախագահ և գլխավոր տնօրեն, The FAMiLY Leader

Դեդե Լաուգեսեն, գործադիր տնօրեն, «Պաշտպանել հալածված քրիստոնյաներին» կազմակերպություն

Սյուզան Բոկ Գրիշման, գործադիր տնօրեն, Mercury One, Inc. և The Nazarene Fund

Դեսպան Ալբերտո Ֆերնանդես, փոխնախագահ, Մերձավոր Արևելքի Մեդիահետազոտական ինստիտուտ

Դոկտոր Ջիմ Գառլոու, գլխավոր գործադիր տնօրեն, Well Versed

Հոգևորական Ռոզմարի Շինդլեր Գառլոու, գլխավոր գործադիր տնօրեն, Schindler’s Ark

Դոկտոր Դեյվիդ Քարրի, USCIRF հանձնաժողովի անդամ

Նադին Մաենցա, նախագահ, IRF քարտուղարություն

Դենիզ Բուբեք, խորհրդի անդամ, Save Armenia

Դոկտոր Փոլ Մարեյ, միջազգային փոխնախագահ, Գլոբալ խաղաղության հիմնադրամ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել