armenpress.am:Վրաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածների շուրջ համաձայնության մասին երկու երկրներից հնչած հայտարարությունները։
Այս մասին գրառում է հրապարակվել Վրաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության պայմանագրի 17 հոդվածների շուրջ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության տեսանկյունից»,- նշված է գրառման մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին անդրադարձել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան՝ շեշտելով, որ դա իսկապես պատմական քայլ է, որը նպաստելու է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)