Խնդրահարույց է վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը. «Ականատես»
13:36 - 18 մարտի, 2025

Խնդրահարույց է վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը։ 

«Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Սարիկ Մինասյանի առաջարկությամբ Շիրակացի փողոցի հիմնանորոգման հարցը ներառվել է պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում և առաջիկայում կմեկնարկեն բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլն ու շինաշխատանքները, ընդգծելով որ Շիրակացի փողոցը «շատ կարևոր, Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է»։ 

Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով։

ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին՝ 26 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ 

Ուղերձում Գյումրի համայնքի ավագանին «ակնկալում էր ՀՀ կառավարության անմիջական և գործուն աջակցությունն ու ներգրավվածությունը համայնքի և ՀՀ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում»։ Այս ուղերձին, սակայն, Կառավարությունը դրական արձագանք չի տվել, ի տարբերություն իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին», որին ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել, ինչն ակնհայտորեն վարչական լծակների միջոցով նախընտրական մրցապայքարում վերջինիս դիրքերը խթանելու փորձ է։

ՏԻՄ կառավարումը ընտրությունների շրջանում պետք է ընթանա բնականոն կերպով, այն չպետք է ուղեկցվի վարչական ռեսուրսների այնպիսի կիրառմամբ, որն անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցությանը և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել