Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը։
Այս մասին հայտնում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին։
Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ ՔՊ բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ։
Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։
«Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։
comment.count (0)