ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ սահմանային կրակոցների վերաբերյալ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն 2025թ․ մարտի 16-21-ը 12 անգամ հաղորդագրություն է տարածել սահմանային կրակոցների մասին, բոլոր 12 հաղորդագրություններն էլ հերքվել են ՀՀ ՊՆ-ի կողմից։
Բոլոր հաղորդագրություններին զուգահեռ ՀՀ ՊՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունների մեջ։
comment.count (0)