Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն․ ՊՆ
11:03 - 31 մարտի, 2025

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն․ ՊՆ

Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ տուժածներ չկան:

Միաժամանակ ՊՆ-ն հայտնում է, որԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
 
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել