Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է»,-նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Հայաստանի արտաքին գերատեսչությունն իր գրառման մեջ նաև շեշտել է, որ վերնշյալ վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։
Հայաստանի ԱԳ նախարարությունը նաև ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ:
«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերին, մենք հիշեցնում ենք, որ նման վայրագությունների կանխարգելումը և կայուն խաղաղության հասնելը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ:
1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայ խաղաղ բնակչության կոտորած։ Մարաղայի հայ բնակչության կոտորածն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության հերթական դրսևորումն ու էթնիկ զտման հետևողական քաղաքականության շարունակությունն է եղել, որը մինչ այդ (1988-1991 թթ.) իրականացվել է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում։
comment.count (0)