«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր
18:50 - 15 ապրիլի, 2025

«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր

2020 թ․ հոկտեմբերի 11-ին  «Մարտունի 3» զորամասի՝ շրջափակման մեջ հայտնված վաշտի կազմում է եղել ընդամենը մեկ ամսվա ժամկետային զինծառայող Գարիկ Մովսեսյանը։ Նրա հայրը՝ Էդգար Մովսեսյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ որդու հետ կատարվածի շուրջ հարցաքննվելու։

«Եթե ես, որպես ծնող, որպես քաղաքացի, հոկտեմբերի 8-ին իմացել եմ, որ Հադրութում ադրբեջանցի կա, ինքը, ղեկավար լինելով, էդքան բարձր պաշտոնի լինելով, չգիտի՞, որ թուրքը էնտեղ է, որ զորքին ուղարկում է։ Իմ եզրակացությունը սա է։ Սրանից լավ փա՞ստ»,- ցուցմունք տալիս վրդովված ասաց Մովսեսյանը։

Փաստաբան Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ «ինքը» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի տուժողի իրավահաջորդը։ «Եթե Գոռ Իշխանյանն է, Գոռին, եթե Ջալալ Հարությունյանն է (ՊԲ նախկին հրամանատարը,-հեղ․), Ջալալին, ես չեմ կարող դա ասել»,- պատասխանեց նա։

Գոռ Իշխանյանը հիշյալ զորամասի հրամանատարն էր, որն այժմ մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Ըստ Էդգար Մովսեսյանի՝ պատասխանատուները մեղքը իրար վրա են բարդում

Էդգար Մովսեսյանը դատարանին պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 3-ին, մեկնել է նախ Ասկերան, ապա՝ «Մարտունի 3»․ «Եթե օրենքով ենք խոսում, մալադոն իրավունք չունի․․․ Սաղ իմ էրեխեքն են, ճիշտ հակսացեք, բայց մալադոն իրավունք չունի առաջնագծում լինի, մինիմումը 3-րդ գծում կարող է, իրենք նույնիսկ գումարտակների բաժանված չէին, կռվի օրն են բաժանվել»։

Պաշտպան Արման Բայադյանը հետաքրքրվեց՝ ծնողին որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ նորակոչիկը իրավունք չունի։ Ի պատասխան՝ նա ասաց․ «Ես ինքս էլ ծառայել եմ, 2-3 ամիս հետո եմ զենքերին տիրապետել, 1 ամիս 10 օրվա ծառայող էր․․․»։

Էդգար Մովսեսյանը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 3-ին է խոսել։ Դրանից հետո կապը կորել է։ Մովսեսյանը զբաղվել է զոհված հարազատի հուղարկավորության աշխատանքներով, ապա շտապել Արցախ եւ տեղում իմացել կատարվածի մասին․ «Իմացել եմ, որ գնացել են Հադրութ, կապը կորել է, հիմա մեկը մեկի վրա է գցում, ի՞նչ իմանանք՝ ով ինչ է ասում։ Գոռն ասել է, որ Ջալալն է հրաման տվել, Առստամյանը զորք է ուզել, Ջալալն էլ ասել է՝ Գոռը սխալ է հասկացել, ես ուրիշ կոդ եմ ուզել»։

Այդ խոսակցությունը, ըստ նրա, դեպքից հետո Արցախի «Արմենիա» հյուրանոցում հրավիրված հանդիպմանն է եղել։ Գոռ Իշխանյանը եւս մասնակցել է․  «[Մինչ այդ] խոսակցությունն այն է եղել, որ Կարեն Առստամյանն է զորք ուզել (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր-հեղ․), բայց փաստերով նենց դուրս եկավ, որ նա ոչ զորք ա ուզել, ոչ էլ տեղն ա ասել, Առստամյանը ներկա էր էդ հյուրանոցում․․․»։ 

Դավիթ Կարապետյանը, որ Գոռ Իշխանյանի պաշտպանն  է, հետաքրքրվեց՝ ծնողը լսե՞լ է, որ հրամանը եղել է 9-րդ կմ գնալը․ «Գոռն ասել է՝ Ջալալը հրաման է տվել՝ զորք ուղարկել 9-րդ կմ, որտեղ Կարեն Առստամյանը պիտի դիմավորեր, բայց Առստամյանը եղել է 9 կմ-ի հետեւը, էնտեղ չի եղել։ Մեր հանդիպման ժամանակ է ասել՝ ես ուզել եմ 9-րդ կմ հետեւը՝ դեպի Ֆիզուլի, Գոռն էլ ասել է՝ Ջալալն է ասել, [որ 9-րդ կմ-ում ես զորք ուզել]»։ 

Հիշեցնենք՝ նախաքննության ժամանակ այս գործի շրջանակում Կարեն Առստամյանը եւս մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նա այժմ մեղադրվում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում եւ գտնվում է հետախուզման մեջ։

Մեղադրյալների աշտպանները

- Բացառո՞ւմ եք, որ Կարեն Առստամյանը լավ էլ դիմավորել է եւ սխալ ուղղություն տվել զորքին,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։

- Իրենք առերես խոսել են, ես լսել եմ, թող իշխանյանն ասեր՝ սխալ ես ասում,- պատասխանեց տուժողի իրավահաջորդը։

- Դեպքից մի քանի ժամ առաջ Կարեն Առստամյանը հակատանկային զորք է ուզել այդտեղ, դա գործի նյութերով հաստատվել է, դիմավորել է ու հանձնարարություն տվել,- տեղեկացրեց պաշտպանը։

- Եթե զորք է ուզել ու դիմավորել ու ցույց է տվել՝ ինչ մարտական գործողություն անեն, մեր էրեխեքին չէ՞ր դիմավորելու։ Ուրեմն՝ ճանապարհին մի բան սխալ է գնացել։

- Ըստ գործի նյութերի՝ Սլավիկը՝ տղաների հրամանատարը, հասնելուն պես կապ է հաստատել հենց Կարեն Առստամյանի հետ․․․ Տպավորություն՝ Առստամյանի ասածն եք ընդունում։

- Ինձ համար, որպես ծնող, բոլորը ոչ մի բան են, ինձ ոչ Կարենն ա պետք, ոչ Գոռը, ինձ իմ էրեխեն ա պետք, ով ինչ ա ասել, ինձ չի հետաքրքրում։

- Այսինքն՝ Դուք ուզում եք, որ ով մեղավոր է, նա էլ պատժվի՞։

- Աստված դատաստան կտա․․․ Պետք է հարգել հերոս տղերքին, նրանց ծնողներին, մարդկայնություն ունենալ, ճիշտ հունով ամեն ինչ տանել առաջ։ Էսօր մենք ճիշտը չգիտենք՝ մեր էրեխեքը ուր գնացին, երբ գնացին, ինչի համար գնացին։

Սամվել Մերելյանը

Դատարանն այսօր հարցաքննեց նաեւ զոհված զինծառայող Մելիք Մերելյանի հորը՝ Սամվել Մերելյանին։ Վերջինս շատ տեղեկություններ չուներ որդու հետ կատարվածի մասին, ասաց՝ վերջին անգամ նրա հետ հոկտեմբերի 10-ին է խոսել, տեղեկացել, որ տեղափոխվում են Հադրութ․ «Ես Կոռնիձորի պոստերում եմ եղել, էդքան չէի կարող հետաքրքրվել․․․ Հետո սկսել եմ փնտրել, էն եմ իմացել, որ ամբողջ կազմով չկան․․․ ԴՆԹ համընկնում է եղել»։

Հանրային մեղադրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է հաջողվել պարզել, ի՞նչ կատարվել։ Ի պատասխան՝ Մերելյանն ասաց․ «Ես շատ եմ մտածել՝ ինչ եղավ, ինչի եղավ, ոնց եղավ, գիտեմ միայն, որ շրջափակման մեջ են ընկել»։

Մնացյալ տուժողների իրավահաջորդներին դատարանը կհարցաքննի հեռավար

Հարցաքննություններից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ տուժողների 3 իրավահաջորդ՝ Մուշեղ Խաչատրյանը, Գուրգեն Գեւորգյանը եւ Վեներա Ղարանյանը դատարանին դիմում են հասցեագրել՝ տեղեկացնելով, որ վատառողջ են, դատարան ներկայանալ չեն կարող եւ խնդրում են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները։ Դիմումներին կից նրանք ներկայացրել են նաեւ բժշկական տեղեկանքներ։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը չառարկեց տուժողների նախաքննական ցուցմունքները հրապարակելու եւ դրանք հիմք ընդունելու դեմ։ Մինչդեռ պաշտպանական կողմը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այդ տեղեկանքները բավարար են՝ դատական նիստին ներկայանալու անհնարինություն արձանագրելու համար։ Մասնավորապես, ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի՝ դրանք վկայում են, որ անձինք հիմա չեն կարող ներկայանալ դատարան․ «Այսպես պետք է գնահատենք՝ այդ ապացույցները կարեւո՞ր են թե՞ ոչ, եթե կարեւոր են, պիտի մենք հարց տալու հնարավորություն ունենանք, եթե չէ, թող մեղադրողները հիմա կանգնեն, հրաժարվեն այդ ապացույցներից, նրանք են բերել այդ ապացույցները, մենք չենք խնդրել։ Հետեւաբար կամ հրաժարվում են, կամ ապահովում է այդ անձանց ներկայությունը։ Չե՞ք կարողանում՝ տեսակապով հարցաքնենք, օրենքը թույլ է տալիս»։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը արձագանքեց՝ երրորդ տարբերակ էլ կա, եւ դա գործի ողջամիտ ժամկետում քննության ապահովման շահից ելնելով՝ նախաքննական ցուցմունքի հրապարակումն է։ Նշենք, որ մեղադրյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ինչը նշանակում է, որ դրա վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն՝ լրանալու է 2025 թ․ հոկտեմբեր ամսին։ Վաղեմության ժամկետի ավարտից հետո, եթե գործի քննությունը շարունակվի, մեղավոր ճանաչվելու դեպքում անձինք պատասխանատվության չեն ենթարկվի։

Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ ընդգծելով, որ մի շարք ծնողների ցուցմունքներում բառացիորեն կրկնվող արտահայտություններ կային, որոնց վերաբերյալ նրանց հարցեր չտալը ինքը ճիշտ չի համարում։

- Թող անիմաստ պատճառով դատը չհետաձգվի, մարդը ցավի մեջ է, մեռնում է, բերեք դատարա՞ն,- վրդովվեցին դահլիճում գտնվող ծնողները։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց՝ խոսքը ոչ թե հիմա, այլ ընդհանրապես չներկայանալու մասին է, քանի որ դատարանը նախկինում կայացրել է բերման ենթարկելու որոշումներ, սակայն դրանք ի կատար չեն ածվել․ «Օրինակ՝ Նարեկ Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էինք կայացրել, ոստիկանները նրան տանից վատառողջ բերել էին, մարդը դատարանի բակում վատացավ, Շտապ օգնություն կանչեցին, տեղափոխեցին։ Սա՝ ի գիտություն»։ 

Այս հանգամանքները հաշվի առնելով եւ լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց նրանց հարցաքննել հեռավար, այսինքն՝ տեսազանգի միջոցով։

Այսօր դատակոչված երրորդ վկան Լուսինե Սարգսյանն էր, որին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Ոստիկանությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ նրա տան դուռը փակ վիճակում էր, իսկ հարեւանների փոխանցմամբ՝ նա ՌԴ-ում է։ Ոստիկանները նրա հետ կապ են հաստատել բջջային հեռախոսով, որի ընթացքում Սարգսյանը հայտնել է, որ 2024 թ․ դեկտեմբերից գտնվում է ՌԴ-ում եւ իր ցուցմունքին ավելացնելու ոչինչ չունի։

Դատարանը որոշեց Սարգսյանին եւս հարցաքննել տեսակապով՝ ապահովելու համար մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքը։

 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել