Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
18:14 - 01 մայիսի, 2025

Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

«Ես մեղքս չեմ ընդունել, կրկին պնդել եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին և քննչական մարմնին խնդրել եմ, որ առերեսում լինի իմ և նրա միջեւ», - լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Մանուկյանը։

 

Հիշեցնենք, որ ակտիվիստ Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյան տեսանյութ էին հրապարակել՝ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։ Տեսանյութին հաջորդել էր Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հեռախոսազանգը՝ սպառնալիքներով, հայհոյանքներով։ Չախոյանի հրապարակած ձայնագրության համաձայն՝ ինքը ևս ի պատասխան հայհոյում է: Այս հեռախոսազանգից հետո Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել՝ յոգուրտ լցնելով վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին։

Իրականացված ակցիայի հաջորդ օրն արդեն Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։ 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։

Արթուր Չախոյանի նկատմամբ նույնպես հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել