Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է ռուսական պատվիրակությանը․ այսօր սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները
 |factor.am|
10:39 - 16 մայիսի, 2025

Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է ռուսական պատվիրակությանը․ այսօր սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում երեկ ուշ երեկոյան հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներին, հայտնում են, որ հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Հայտնի է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունները կշարունակվեն այսօր՝ մայիսի 16-ին, Ստամբուլում։

Նախարարության աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում սպասվում են մի շարք հանդիպումներ տարբեր ձևաչափերով․ նախատեսվում են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կկայանա քառակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակությունը ժամը 10:00-ից կսպասի ուկրաինական կողմին, հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք պատրաստ ենք աշխատել»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների համար Ուկրաինայի պատվիրակության կազմը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ։

Զելենսկին նախօրեին Անկարայում հանդիպում էր անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը կմեկնի Ստամբուլում բանակցությունների։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր Ստամբուլում առաջին ուղիղ բանակցությունները նախատեսված էին մայիսի 15-ին։ Ակնկալվում էր, որ հանդիպմանը կարող են մասնակցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին։ Պուտինի՝ Թուրքիա չմեկնելուց հետո Զելենսկին նույնպես հրաժարվեց մասնակցել բանակցություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել