Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան
 |civilnet.am|
12:29 - 26 մայիսի, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն›› համաժողովին իր ելույթի ժամանակ։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը նշել է, որ դրա համար երկու խնդիր կա։

«Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապակցում է երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսն անվանել, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին և նույն վայրում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը համաժողովի եվրոպացի հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի մյուս նախապայմանը, որը վերաբերվում է Հայաստանի սահմանադրությանը։ Բաքուն պնդում է, թե այն իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին:

«Ընդհանուր առմամբ պարզ է, որ կողմերը միմյանց նկատմամբ պետք է որևէ տարածքային պահանջ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միակ կառույցը, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե ինչ է պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է:

Վարչապետը ներկայացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ վերը նշված կանոնակարգը և դրա հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ: Վարչապետի խոսքով՝ համաձայնագրում կա նաև կետ, ըստ որի՝ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել ու չկատարել պայմանագրի դրույթները:

«Այս նրբությունները շատ կարևոր են, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք ուղարկել այն Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգենք դրա համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե վերջինս որոշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը… մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ Սահմանադրական դատարանը կարող է այդպիսի բան որոշել, բայց եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում Սահմանադրությանն, ապա մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել. այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանն, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ փաստաթուղթը վավերացնել Ազգային ժողովում, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում»,- ասել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել