Իսրայելը «հասել է իր բոլոր նպատակներին» և համաձայնել հրադադարին
11:03 - 24 հունիսի, 2025

Իսրայելը «հասել է իր բոլոր նպատակներին» և համաձայնել հրադադարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարների նիստ է հրավիրել, որին մասնակցել են նաև ԳՇ պետը և Մոսսադի ղեկավարը: Հանդիպմանը նա հայտարարել է, որ Իսրայելը հասել է Իրանի դեմ օպերացիայի բոլոր նպատակներին: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

«Իսրայելը վերացրել է թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ սպառնալիքները: Բացի այդ՝ Իսրայելի ՊԲ-ն ամբողջական վերահսկողություն է սահմանել Թեհրանի օդային տարածքի վրա, լուրջ վնասներ է հասցրել զինվորական ղեկավարութթյանը և ոչնչացրել է Իրանի ղեկավարության տասնյակ օբյեկտներ»,- հայտարարում է իսրայելական կողմը:

Հայտարարության մեջ Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին և ԱՄՆ-ին պաշտպանության հարցում աջակցության և իրանական միջուկային վտանգը լիկվիդացնելու գործողություններում մասնակցության համար:

«Օպերացիայի նպատակներին հասնելու ֆոնին նախագահ Թրամփի ամբողջական կոորդինացմամբ Իսրայելը համաձայնել է երկկողմ հրադադար հաստատելու վերջինիս առաջարկին: Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հայտարարել, որ Իսրայելն ու Իրանը պատրաստ են խաղաղության, իսկ ավելի ուշ գրել, որ հրադադարը արդեն ուժի մեջ է մտել: Իրանական կողմից այս պահին պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել հրադադարի հաստատման մասին, սակայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ Իրանի ռազմական գործողությունները ավարտվել են գիշերը ժամը 04:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել