Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց կալանավորելու Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը երեկ մերժվել էր |hetq.am|
21:54 - 09 փետրվարի, 2020

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց կալանավորելու Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը երեկ մերժվել էր |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Բավրա» մաքսակետի հետթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին։ Այս մասին ասաց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Վերջինիս խոսքով՝ Հակոբջանյանին կալանավորելու երկրորդ միջնորդության մեջ ԱԱԾ-ն դրել է այն նույն հիմքերն ու հիմնավորումները, որոնք եղել են առաջին միջնորդության մեջ։

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբջանայնը ձերբակալվել է փետրվարի 6-ին, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քննելով միջնորդությունը՝ երեկ որոշել է մերժել այն, սակայն Հակոբջանյանն ազատ չի արձակվել։ Պաշտպանին պատճառաբանել են, թե նրա ձերբակալման 72 ժամը չի լրացել։ Մինչ կլրանար ձերբակալման՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված 72 ժամը, դատարան նոր միջնորդություն  է ներկայացվել Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս անգամ միջնորդությունը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը ու, փաստորեն, որոշել կալանավորել մաքսատան հերթափոխի պետին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել, որ «պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել