Մեղավորներ չպետք է փնտրել, դա կոլեկտիվ պատասխանատվության հարց է. Նարեկ Զեյնալյան
13:46 - 03 հունիսի, 2020

Մեղավորներ չպետք է փնտրել, դա կոլեկտիվ պատասխանատվության հարց է. Նարեկ Զեյնալյան

Քանի դեռ թեստերն ավելացնում ենք և դրական պատասխաններն ավելանում են սա նշանակում է, որ նվազման մասին դեռ խոսք լինել չի կարող, սա դրական պրոցես է։ Հայտնաբերում ենք հանրության շրջանում գտնվող վարակվածներին։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ 

«Երբևէ չենք կարող ֆիքսել, որ կանխարգելիչ միջոցառումները  այս կամ այն ժամանակահատվածում պետք է արվեին և վերջ։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրում և պետք է կրեն, դրանք ՝ կախված իրավիճակից անընդհատ փոփոխման են ենթարկվում և պետք է ենթարկվեն։ Ըստ էության, այստեղ մեղավորներ պետք չի փնտրել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է,  և՛ կառավարության կամ պարետատան կողմից իրականացվող միջոցառումների որակը, և՛ մակարդակը բարձրացնելու , և՛ հանրության շրջանում յուրաքանչյուր անձի զգոնությունը բարձրացնելու, բարձր անձնական պատասխանատվություն ունենալով է պայմանավորված»,- ասաց Զեյնալյանը։


Անդրադառնալով այն հարցին, որ իրարամերժ հայտարարությունները պատճառ են դառնում, որ հանրությունը անլուրջ վերաբերվի խնդրին՝ Զեյնալյանը պատասխանեց, որ 
«իրարամերժ հայտարարություններ» ձևակերպումը այնքան էլ տեղին չէ, որովհետև այն դիմակները, որոնք  պահանջվում է կրել, 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց։

«Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է դիմակ կրենք, որովհետև առավելապես կանխում է մեր վարակվելը կամ վարակելը։ Չի ասվել, որ դա հարյուր տոկոսով է իրականացվում, բայց եթե կա մի գործողություն, միջոցառում, որը գոնե մեկ տոկոսով կարող է կանխել վիրուսի տարածումը, ուրեմն այն պետք է իրականացնել»,- հավելեց պատգամավորը։ 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ վարակվածության ցուցանիշներով Հայաստանը հայտվել է  կարմիր գոտում, Զեյնալյանը նշեց,որ  մահվան դեպքերով Հայաստանը ամենևին էլ առաջին հորիզոնականներում  չէ։ Ինչ վերաբերում է մահաբերության ցուցանիշին , այն բավականին ցածր է ՝ համեմատած համաշխարային միջինի և շատ երկրներում առանձին արձանագրված մահաբերության գործակիցների հետ։ 

«Մահաբերության ցուցանիշը հարաբերական է, որը հաշվարկվում է հիվանդների մեջ մահացածների տոկոսային արտահայտությամբ։ Եվրոպական որոշ երկրներում այդ ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսը, Հայաստանում 1․5 տոկոսի շրջանակներում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք զգոնությունը, միջոցառումները, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, առողջությունը բարձրագույն արժեք է։ Կարելի է ասել, որ մենք պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և ձգտել զրոյի, որպեսզի մենք կարողանանք ասել, որ պիկին հասել ենք և հաղթահարել։ Սրանից կախված տարբեր պետություններ  տարբեր վարքագիծ են դրսևորում այլ պետությունների նկատմամբ՝ սահմաններ բացել- չբացելու հետ կապված՝  կախված տվյալ երկրների ցուցանիշներից»։


Լրագրողների այն հարցին , թե ինչպիսին են Զեյնալյանի  և Արսեն Թորոսյանի հարաբերությունները այս փուլում, արդյո՞ք Թորոսյանը լսում է իր թիմակիցներին, քանի որ ընդդիմությոինը նշում է, որ պարբերաբար հորդորներ և կոչեր են անում, սակայն նախարարը ականջալուր չի լինում՝ պատգամավորը պատասխանեց․

«Ես չգիտեմ, թե ինչ են գրում մամուլում, բայց իմ՝ պարետատան նիստերի մասնակցության վերաբերյալ դժգոհություններ չեն եղել։ Որքան մեծ լինի մասնակցելիությունը պարետատան աշխատանքներին, այդքան ավելի արդյունավետ կլինի։ Դրանով իսկ պայմանավորված, ինձ հրավիրել են պարետատան նիստերին մասնակցելու, և  ես մասնակցում եմ » ։

Լրագրողների այն դիտարկամնը, որ բոլոր վարակակիրներին՝ անկախ այն բանից, նրանք ասիմպտոմ են, թե ոչ, կոչ է արվում ինքնամեկուսանալ, որպեսզի վարակը չտարածվի, բայց վարչապետը պարետատան նիստից հետո մասնակցում է ճեպազրույցների և արդյո՞ք վերջինս չպետք է ինքնամեկուսանար, Զեյնալյանն ասաց․


«Ասիմպտոմ ձևերին տնային պայմաններում, բժշկի հսկողության տակ պահելը  ճիշտ որոշում է, որովհետև մարդիկ որևէ գանգատ չունեն և այդ անձանց որևէ բժշկական օգնության կարիք չկա, այն փուլում, երբ մարդը որևէ գանգատ չունի։  Հաշվի առնելով՝ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը այդ քաղաքացիները գտնվում են տեղամասային կամ ընտանեկան բժշկի հսկողության տակ, մինչև լինի գանգատ և կատարվի հոսպիտալացում կամ չլինի գանգատ և անցնի ասիմպտոմ։  Այստեղ վիրուսի վարակելիության աստիճանը  այդքան էլ պարզ չէ, այսինքն երկու անձ կարող են շփվել իրար հետ ու չվարակվեն, իսկ մյուս դեպքում, ուղղակի իրար կողքով անցնելիս վարակվեն»։ 

Անդրադառնալով այն խնդրին, որ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում և կորոնավիրոսով վարակված անձինք և այլ հիվանդություններով այդտեղ հայտնված քաղաքացինեը, պատգամավորը նշեց, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացու, ով մտնում է բժշկական հաստատություն դիտարկել կորոնավիրուսի  պոտենցյալ վարակակիր և վերաբերվել  այդպես։

«Ցանկացած անձ կարող է  այլ գանգատով դիմել հիվանդանոց և պարզվի, որ նա ունեցել է կորոնավիրուս և նա կարող է հանդիսանալ բժշկական հաստատությունում վարակի տարածման աղբյուր, իսկ դրանից հետո բժշկական հաստատությունը դառնա վարակի աղբյուր։ Վերակենդանացման բաժանմունքները  բավականաչափ ծանրաբեռնված են, բայց առողջապահական համակարգը ունի և՛ հիվանդանոցային և մասնագիտական ներուժ, որպեսզի հավելյալ միջոցառումներ իրականացնի։ Այնպես չէ, որ առողջապահության նախարարությունը կոլապսի է ենթարկվել, ուղղակի այն քաղաքացիները, որոնք  վարակված չեն , բայց այլ հիվադնությունների պատճառով ունեն բուժում ստանալու անհրաժեշտություն, պետք  է կարողանան ստանալ այն»,- եզրափակեց պատգամավորը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել