Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Վերջինս իր էջում գրել է․
«Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական եւ կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը: Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին:Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Անում ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում նաեւ Արցախի եւ այլ մարզերի բնակիչների»:
comment.count (0)