hetq.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի շենքերի օտարմանն ու նոր շենքերի կառուցմանը: Ավինյանը հիշեցրեց թաղամասի հանրային գերակա շահի ճանաչման նախապատմությունը և ներկայացրեց, թե ինչ է արել գործադիրը հեղափոխությունից հետո: Ավինյանի խոսքով` եղել են ընտանիքներ, որոնց բնակարանային ապահովության հարցն առկախված է եղել «Գլենդել հիլզ» ընկերության սնանկացման հետևանքով:
«438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից և՛ այլ թաղամասերից, լուծվել է, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց պատրաստի բնակարան: Գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով` երկրորդ շահառուն ներդրողներն են, որոնք տարածքի օտարումների համար ներդրել են 70 միլիոն դոլարին համարժեք գումար և նրանց շահերից է բխում նաև, որ գործընթացը հնարավորինս արագ լինի:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել էր, թե ինչ է սպասվում այն շենքերին, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, սակայն պատմական տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում:
Ավինյանն արձագանքեց` կա հանձնարարական, որ պատմամշակութային հուշարձանները պետք է հանվեն օտարման ծրագրից, եթե այդ ցանկում մեկ-երկուսը կան, դրանք էլ կհանվեն:
«Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, դրանց վերաբերյալ տեղային լուծումներ փորձում ենք տալ»,- ասաց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ֆիրդուսի 80 շենքին, որը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն Կառավարությունը բանակցում է ներդրողների հետ շենքն այդ ծրագրից դուրս բերելու համար:
Ավինյանի խոսքով, սակայն, դա առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք ակնկալել են, որ փոխհատուցում կստանան:
«Խնդիրը միակողմանի չէ, եղած նախապատմությամբ Ֆիրդուսի նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ բոլոր շահերը հաշվի առնելով՝ պետք է առաջ տանել, և կարծում եմ, ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,- ասաց նա:
comment.count (0)