armenpress.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Մնացականյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին:
Պատգամավորի այն դիտարկմանը, թե դաշինքի անդամ պետություններից Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով, Մնացականյանը նշեց, որ այդ հարթակը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում:
«Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ: Անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ծրագրերով, առաջարկություններով: Հայաստանն արդեն բավական օրինակներ է ի ցույց տվել, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ: Սա կարևոր սկզբունք է, որին խստորեն հետևում ենք»,- ասաց Մնացականյանը:
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ կրոնական ազատությունների հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մնում է առանցքային:
«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ, առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը»,- նշեց նախարարը:
comment.count (0)