armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Սիմոնյանն այս մասին ասաց «Իմ քայլը»-ի նիստից հետո՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ առաջարկված նախագծով Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել ՍԴ անդամի պաշտոնում:
Սիմոնյանը հորդորեց չշտապել: «Որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում տարբեր ժամանակներում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետի հետ չեն քննարկել նախագիծը:
Սիմոնյանը նկատեց՝ ՍԴ հարցը լուծելու համար հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հնարվոր չէ այն անցկացնել: «Այս դեպքում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացավ պատգամավորների և ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը: Բնական է, բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,-ասաց նա:
Սիմոնյանը չի կարծում, թե ՀՀ-ում կա մթնոլորտ, որ կարող է հանրաքվե անցկացվի, և այդ հարցը չլուծվի: «ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին »,-կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:
comment.count (0)