armtimes.com: Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակներում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քվեարկեցին քննարկված օրենքի նախագծերը։ Մասնավորապես՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 74 կողմ, 14 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով։ Կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել գույքահարկի առնչությամբ:
Եղած օրենսդրության պայմաններում հիմնական խնդիրն այն է, որ գույքային հարկերի հարկման բազան էականորեն շեղված է դրանց շուկայական արժեքներից այն իմաստով, որ խիստ թերագնահատված է։ Ընդ որում, փոխնախարար Արման Պողոսյանի պնդմամբ, սա ճշմարիտ է եւ՛ հողի, եւ՛ բոլոր շենք-շինությունների պարագայում։ Ստեղծված իրավիճակն իր հերթին հանգեցրել է նրան, որ գործնականում ՀՀ-ում գույքահարկերի ներուժը գրեթե չի օգտագործվում։ Խոսելով ամփոփ ցուցիչներով՝ Պողոսյանը հայտնեց, որ ՀՀ-ում անշարժ գույքի միավորներից հավաքագրվող գույքային հարկերի կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 0,2%։ Համեմատելու համար փոխնախարարը օրինակ բերեց Վրաստանին, որտեղ նույն ցուցանիշը կազմում է 1,1%, իսկ զարգացած երկրներում այն հասնում է մինչեւ 2,5%-ի։
Ներկայացնելով նախագծով առաջարկվող լուծումները՝ Պողոսյանը հայտնեց, որ առաջարկվում է միավորել հողի եւ բարելավումների (շենք-շինություն) հարկման բազան։ Ներկայումս հողի համար առանձին հարկ է վճարվում, բարելավումների համար՝ առանձին։ Մյուս փոփոխությունը սանդղակման վերանայումն է։ Փոփոխություններից, թերեւս, ամենահատկանշականն այն է, որ առաջարկվում է վերացնել չհարկվող շեմը։ Պողոսյանը հայտնեց նաեւ, որ համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար առաջարկվում է ներդնել այն 2021 թվականի հունվարի 1-ից սկած՝ 4 հաջորդական տարիների ընթացքում։ Եւ ինչպես պարզաբանեց նա, սա արվում է հարկային բեռի կտրուկ բարձրացումից խուսափելու համար։
comment.count (0)