Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումը․ Քոչարյանի փաստաբան |civilnet.am|
15:04 - 25 հունիսի, 2020

Որոշել ենք հետ վերցնել Սահմանադրական դատարանից մեր դիմումը․ Քոչարյանի փաստաբան |civilnet.am|

civilnet.am: Որոշում ենք ընդունել Սահմանադրական դատարանից մեր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ․ այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ որոշումը կայացրել են Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով:

«Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցությունները ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասաց նա:

«Մենք որոշեցինք հետ վերցնել մեր երկու դիմումները, որոնք վերաբերում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանությանը սահմանադրությանը: Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ պետք է լինեն, ապա ինքը պահանջելու է, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները», - ասաց Օրբելյանը:

Փաստաբանը շեշտեց՝ Քոչարյանի պահանջն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին, սահմանադրության հետ կապված գործընթացներում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել:

«Այս գործընթացը դիտարկել բացառապես պառլամենտական ֆրակցիաների իրավասության շրջանակներում», - հայտարարեց Օրբելյանը։

***

Հունիսի 22-ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ էր անցկացվել, որի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել