Աննա Դանիբեկյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։
Ծնվել է 1978 թվականին Երեւան քաղաքում:
1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ: 2005 թվականին Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ եւ ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:
2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու: 1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երեւանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու: 2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած մի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը: Նրանք երեկոյան մոտեցել են դատավոր Դանիբեկյանին՝ պարբերաբար հարցնելով՝ արդյոք նա կա՞ Նիկոլ Փաշինյանի նշած «վնգստացող դատավորների ցանկում»: