Մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք․ Ռուբեն Մելքոնյան
 |lragir.am|
21:00 - 14 հուլիսի, 2020

Մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք․ Ռուբեն Մելքոնյան |lragir.am|

lragir.am: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ֆոնին պետք է ավելի լուրջ վերաբերվել Թուրքիայի այս անգամվա հայտարարություններին, քանի որ դրանք հերթապահ քարոզչական հայտարարություններ չեն։ Եվ Թուրքիայից բխող տեսական սպառնալիքները կարող են վերածվել իրական սպառնալիքների։ Այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Նախ պետք է փաստենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկիտի հետ կապված Թուրքիայի վերջին ակտիվացումը բավական ցցուն է և եթե մի քիչ գույները խտացնենք՝ աննախադեպ է։ Սահմանային լարվածության նախորդ դեպքերի ժամանակ Թուրքիայի արձագանքը լինում էր, բայց ոչ այսչափ ակտիվ։ Սրանում, բնականաբար, մենք պետք է տեսնենք առնվազն երկու հանգամանք»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ առաջին հանգամանքն այն է, որ Թուրքիան, ինչպես լայն տարածաշրջանում, այնպես էլ մեր տարածաշրջանում, շարունակում է իր ապակառուցողական քաղաքական ոճը։ Երկրորդ, ընդգծված հակահայ քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է այդ երկրի պետական մտածողության հիմքում, հերթական անգամ հիմա ի ցույց է դրվում։

«Կարծում եմ, որ մենք պետք է թուրքական այս անգամվա ակտիվացումը շատ ավելի լուրջ ընդունենք, որովհետև և համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակն է մի փոքր փոխված, և տարածաշրջանային տարբեր հավասարակշռության մեխանիզմներն են փոխված։ Եվ Թուրքիայից ամենաանսպասելի բացասական անակնկալները միշտ կարելի է իրատեսական համարել՝ հաշվի առնելով նրա հետաքրքրվածությունը Նախիջևանի հանգամանքով, հաշվի առնելով հետաքրքրվածությունը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում Արցախյան խնդրի մեջ ներթափանցելու առումով։ Եվ, բնականաբար, նաև այլ ծավալապաշտական հետաքրքրվածությունները պետք է հաշվի առնել»,- հավելում է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Տավուշում լարվածության առաջին իսկ ժամերին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, բայց դրան հետևեցին թուրքական քաղաքական գրեթե ամբողջ վերնախավի և ներկապնակի հայտարարությունները։ «Այսօր քիչ առաջ նաև հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարը, որը բավական կոշտ շեշտադրումներ է պարունակում իր մեջ՝ հաշվի առնելով նաև նրա զբաղեցրած պաշտոնը։ Իհարկե, բովանդակությունը գրեթե նույնն էր, որ՝ մենք ամեն ինչով ու ամեն կերպ կանգնած ենք Ադրբեջանի կողքին։ Եվ եթե դա անում է պաշտպանության նախարարը, ապա դա չի կարող ունենալ խաղաղասիրական ենթատեքստ։ Դա, բնականաբար, ունի ռազմական ենթատեքստ»,- ասաց նա։

Ավելին՝ Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել