Կրակոցներ են եղել Նախիջևանի, Գեղարքունիքի, Նոյեմբերյանի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան
11:27 - 17 հուլիսի, 2020

Կրակոցներ են եղել Նախիջևանի, Գեղարքունիքի, Նոյեմբերյանի հատվածներում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ,  անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս տեղեկացրեց․

 

«Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի այն  հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Առանձին գործողություններ տեղի չեն ունեցել։ Եղել են զուտ կրակոցներ։

Ըստ էության, եթե ամփոփենք այդ 120 խախտումները ամբողջ սահմանի ուղղությամբ, կարող ենք ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա։ 

Ընդհանուր առմամբ հայկական կողմը ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել են շարք։ 20 զինծառայողի քիչ, թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր։ 

Չինարի գյուղում վիրավորված բնակչի մասին երեկ ուշ երեկոյան եմ ունեցել ինֆորմացիա։ Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղափոխվել է Երևան»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել