tert.am: Խնդիրը բավական խորն է, ոլորտի պատասխանատուները հանձն են առել զբաղվել խնդրով, բոլորս էլ գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտ է և կարգավորման ընթացքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով ձկնավաճառների բողոքի մասին:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղին այսօր իրենց ավտոմեքենաներով փակել էին ձկնորսները՝ դժգոհելով, որ իրենց արգելել են ձուկ որսալ, որի մասին հայտնել էր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մեր քաղաքացիները խնդիր են տեսել և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, հիմա մենք պայմանավորվածության եկանք, որ առանց ավելորդ ագրեսիայի, բորբոքվելու՝ շաբաթ և կիրակի օրերին իրենց տեսած խնդիրները, հարցերը կձևակերպեն թղթի վրա և կտան Շրջակա միջավայրի նախարարությանը, որոնք էլ կփորձեն հարցերին պատասխանել»,- ասաց նա:
Մարզպետը հույս հայտնեց, որ նախարարությունը սպառիչ պատասխան կտա և իր համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ձկնորսները համամիտ են խելամիտ կարգավորվող և օրենքի շրջանակներում աշխատելուն: Գնել Սանոսյան նաև շեշտեց, որ թեմայի շուրջ քննարկումներ են եղել նաև մարզպետարանում, որոշ հարցերի պատասխաններ կան, իսկ որոշներին պետք է պատասխանի նախարարությունը:
comment.count (0)