Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան
21:33 - 18 սեպտեմբերի, 2020

Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։

 

- Պարո՛ն Եղիազարյան, որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ՝ նշվում էր, որ նախկին համայնքների աշխատակազմերի կրճատումից կխնայվեն դրամական միջոցներ։ Դուք մի քանի ամիս առաջ հաշվարկներ էիք արել, համաձայն որոնց՝ ընդամենը վեց համայնքում էր գործել այս սկզբունքը։ Այդպիսի մի հաշվարկ երկու մարզի օրինակով նաև մենք ենք արել, սակայն այս դեպքում միայն մի համայնքում աշխատակազմերի կրճատումից բյուջեում դրամական միջոցներ չէին խնայվել։ Ո՞րն է պատճառը, որ մենք տարբեր թվեր ենք ստացել։

- Ինձ հետ կապ հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և մեկնաբանեցին, որ այն թվերը, որոնք իմ հարցման արդյունքում տրամադրել են՝ վարչական ծախսերը, ընդհանրական թվեր են, որոնք նաև այլ ծախսեր են ներառել, ինչի արդյունքում ինձ մոտ այդ պատկերն է ստացվել։

Ես պարզաբանեցի, որ իմ հարցը հստակ էր, ես ուզում էի հասկանալ՝ վարչական ծախսերը խոշորացումների արդյունքում ինչքանով են կրճատվել, ինչքանով է էֆեկտիվ եղել, և ինձ տվել են վարչական ծախսերի մասով մի այնպիսի թիվ, որն իրականում չի արտացոլում այն, ինչ ես եմ պահանջել։ Փաստացի, ինձ թյուր ինֆորմացիա է տրամադրված եղել։ 

Ամեն դեպքում, ես դրանից հետո ուսումնասիրություններ եմ արել․ խոշորացումների արդյունքում կառավարման պրոցեսն այդքան էլ էֆեկտիվ չէ։

- Արդյունավետ չէ աշխատակազմերի կրճատումից դրամական միջոցների խնայմա՞ն, թե՞ առհասարակ կառավարման համակարգի առումով։

- Առհասարակ կառավարման համակարգի և ծախսերի օպտիմալ կառավարման իմաստով։

- Ո՞րն է անարդյունավետ լինելու պատճառը։

- Համայնքների խոշորացումը իրականացվեց շտամպային կարգով, բոլորի համար մի ստանդարտով, որն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք էր հաշվի առնել համայնքների յուրահատկությունները։ Հայամայնքներ եղան, որտեղ արեցին հանրաքվեներ, հանրաքվեների արդյունքում բնակչությունն արձանագրեց, որ դեմ է խոշորացմանը, և հակառակ բնակչությանը՝ ամեն դեպքում խոշորացումը կատարվեց։ 

- Հանրաքվեները և՛ այն ժամանակ, և՛ հիմա ունեն խորհրդատվական բնույթ․ պարտադիր չէր դրանց արդյունքները հաշվի առնել։ 

- Իմաստը ո՞րն է խորհրդատվական բնույթի․ ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել՝ խորհուրդը որն է, երբ բնակչությունն ասում է՝ մենք դեմ ենք, սակայն անում են այն, ինչ արդեն նախապես պլանավորված էր։

Եթե հանրաքվե են իրականացնում և ընդհանրապես հաշվի չեն առնում հանրաքվեի արդյունքները, մարդկանց մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում, հանրաքվեի ինստիտուտն է թուլացվում, և հանրաքվեների նկատմամբ անվստահությունը մեծանում է․ մարդիկ հասկանում են, որ իրենք մասնակցում են հանրաքվեի, տալիս են կարծիք, բայց իրենց խոսքը տեղ չի հասնում։ 

Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել։ Որովհետև կան համայնքներ, որոնք տարիներ շարունակ իրար հանդեպ ունեն հակակրանք, ու երբ միանում են իրար, և այդ համայնքներից մեկը լինում է գլխավոր համայնքը, խտրականության և այլ դրսևորումներ են լինում։ 

Այն ծրագրերը, որոնք շատ համայնքներում (ես ուսումնասիրել էի Թումանյան համայնքը) պետք է խոշորացման արդյունքում իրականացվեին, չեն իրականացվել։ Եվ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են ինձ, իրականում իրականացվել են, բայց այդ ծրագրերը չեն եղել խոշորացման արդյունքում խնայված միջոցներից, դրանք եղել են տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների շրջանակում։ Այսինքն՝ այդ ծրագրերով իրականացված գործողությունները չի կարելի համարել խոշորացման արդյունք։ Այստեղ մանիպուլյացիա է իրականացվում, և այս առումով շատ համայնքներում ռեգրես է նկատվում, շատ համայնքներ հետին պլան են մղվում, քանի որ ամեն ինչ կենտրոնանում է հիմնականում խոշորացված համայնքում։ 

- Չէ՞ որ հիմա հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ․ եթե համայնքը չի նախաձեռնում հանրաքվե, այն չի իրականացվում։ 

- Բայց մենք խոսում ենք արդեն խոշորացված համայնքների մասին։ Որպեսզի գնահատենք, նայում ենք այն համայնքներին, որոնցում արդեն իրականացվել են։ Թե հիմա նոր տարբերակով ինչպես կլինի, դեռ նոր պետք է հասկանանք, նոր պետք է գնաատականներ տրվեն։ Մենք հիմա խոսում ենք նրանց մասին, որտեղ արդեն նախկինում իրականացվել են, և որոշ ժամանակ է անցել, ու մենք հնարավորություն ունենք նայելու՝ ինչպես է համայնքների զարգացումը տեղի ունեցել, արդյոք էֆեկտի՞վ է եղել, թե՞ ոչ։

- ՏԿԵ նախարարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ տարբեր խոշորացված համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրակավացվում։ Արդյո՞ք խոշորացված համայնքներն ավելի մեծ հնարավորություններ չունեն այդ ծրագրերից օգտվելու։

- Ունեն, իհարկե, բայց մենք այստեղ պետք է տարանջատենք․ սուբվենցիոն ծրագրերը մեկ այլ հարց են լուծում, իսկ համայնքների բյուջեների ընդհանրացումը, մեկտեղ կուտակումը, բյուջեի գումարներով իրականացվող ծրագրերը լրիվ այլ մոտեցում են։ Սուբվենցիոն ծրագրեր կարող են լինել, բայց դրանք կապ չունեն համայնքի բյուջեի և այն խնայողությունների հետ, որոնք պետք է առաջանային խոշորացված համայնքների բյուջեի էֆեկտիվ կառավարման արդյունքում։ 

- Փաստորեն, Ձեր կարծիքով, շատ գումար չի խնայվել խոշորացման արդյունքում։ 

- Կոնկրետ Թումանյան համայնքոմ ես չեմ տեսնում այն ծրագրերը, որոնք պետք է լինեին խոշորացման արդյունքում։ Կա կառավարության ծրագրային քարտեզը, թե ինչեր պետք է իրականացվեին, և այդ ծրագրերից գրեթե ոչ մի բան չի իրականացվել։ Իրականացվածները միջազգային կառույցներն են արել, և, կրկնում եմ, կապ չունեն խոշորացման արդյունքում բյուջեի էֆեկտիվ կառավարման և խնայողությունների հետ։

- Ի՞նչն է պատճառը, որ չի իրականացվել այն, ինչ սպասվում էր խոշորացումից։ 

- Պարզ պատճառով, որ հնարավոր չէ այդ մոդելով բյուջեն էֆեկտիվ կառավարել։ Եվ նաև միգուցե խնայողություններ չեն առաջանում, կամ առաջացած խնայողությունները համաչափ չեն բաշխվում։ 

Մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացան մասին։ Հիմա անընդհատ խոսում են, որ ամեն ինչ կենտրոնանում է մեծ համայնքներում։ Ի՞նչ է տեղի ունենում Երևանում․ հիմնականում տնտեսական բոլոր գործարքները և փողը շրջանառվում են Երևանում, և դրա պատճառով հիմնական ներդրումները տրամադրվում են Երևանին։ Երևանը սկսում է էլի աճել, մարդիկ վատ ապրելակերպով փոքր համայնքերից ձգտում են դեպի Երևան, և ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ։ Խոշորացման արդյունքում նույնպես խոշորացված համայնքում շատ դեպքերում կենտրոնացում է տեղի ունենում, և համաչափ զարգացման խնդիրը ինչ-որ առումով չի լուծվում։ Շատ համայնքներ կան, որտեղ մարդիկ կարծում են, որ իրենց մոտ բան չի փոխվել։

- Այսինքն՝ Դուք վտանգ եք տեսնում, որ ամեն ինչ կարող է կենտրոնանալ խոշորացված համայնքի համայնքային կենտրոնո՞ւմ։

- Այո՛։ Սա մի մոդել է, որ գրեթե ամենուր է։ Նույնը ես կարող եմ ասել Վանաձորի օրինակով․ Վանաձորի կենտրոնում որոշ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ծայրամասերում խայտառակ վիճակ է։ Անգամ եթե մի համայնքի օրիանակով ենք վերցնում, տարածքային համաչափ զարգացում տեղի չի ունենում։ Ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնական հատվածներում, խոշորացված համայնքների դեպքում՝ կենտրոնական համայնքում, եթե երկրի մասշտաբով ենք ասում՝ Երևանում։

- Ձեզ կարող են հակադարձել, որ խոշորացված համայնքի ՏԻՄ-ը բոլոր բնակավայրերինն է և խնդիրները լուծում է՝ ըստ առաջնահերթությունների, այսինքն՝ եթե հեռավոր փոքր բնակավայրը խնդիր ունի, այդ խնդիրը չի անտեսվում։

- Մենք ունենք ավագանու դերի բարձրացման, ՏԻՄ-երի ինստիտուտի կայացման համար մեծ աշխատանք անելու խնդիր։ Այստեղ մեծ բաց կա, որովհետև ավագանին դեռ այդպես էլ չի գիտակցում իր դերը․ իրենից է կախված ամբողջ բյուջեի կառավարումը։ 

Հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամներն ինչ-որ բարեկամական մակարդակով ընտրված մարդիկ են, որոնք ուղղակիորեն համագործակցում են համայնքապետի հետ, և հիմնականում չկա փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որը պետք է ավագանին իրականացնի և ռեալ որոշումներ կայացնի։ Համայնքապետն ինչպես որոշում է, այդպես էլ իրականացվում է, և այստեղ, ես բազմիցս եմ նշել, իրենց բացասական էֆեկտն են ունենում նաև մարզպետարանները։ Վերջիններս սկսում են համակարգել ավագանուն, համայնքապետերին, ինչը խոչընդոտում է ՏԻՄ-երի ինստիտուտի կայացումը։ 

- Հիմա համամասնական ընտրակարգ է ներդրվել բազմաբնակավայր համայնքներում։ Կուսակցական ցուցակները Ձեր նշած բարեկամական կապերով ընտրվելու խնդիրը չե՞ն լուծի։ 

- Այդ խնդիրը կլուծվի, բայց դա 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում է․ մենք շատ փոքր համայնքներ ունենք, որոնք մինչև 4000 բնակիչ ունեն։

- Մարզպետարանների մասով․ ՏԿԵՆ-ից վստահեցնում են, որ շուտով մարզպետարանների որոշ լիազորություններ վերցվելու և ՏԻՄ-երին են փոխանցվելու։ Երբ մարզպետարաններն ավելի փոքր լինեն, ու նրանց լիազորությունները փոքրանան, ադրյո՞ք մարզպետարանների մասով նշված խնդիրն էլ չի լուծվի։

- Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ մենք դա բարձրաձայնում ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարզպետարանները պետք է շատ փոքր կառույցներ լինեն, զուտ կառավարության ներկայացուցիչները՝ տվյալ մարզում և որոշակի ստատիստիկ տվյալների համակարգման գործառույթ իրականացնեն։

Լոռու մարզում 180-ի կարգի աշխատակիցներով մարզպետարանի գոյությունը հիմնավորված չէ, և այդպիսի ուռճացված մարզպետարաններ մենք ունենք բոլոր մարզերում։ Պետք է կրճատենք, և միջոցները, որոնք մարզպետարանների վրա են ծախսվում, ուղղվեն ՏԻՄ-երի զարգացմանը։ Մեծ աշխատանք է պետք կատարել, որ ՏԻՄ-երը կայանան և ի վերջո հասկանան, որ իրենք են որոշողը, ոչ թե մարզպետը։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել