azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սաեդ Խաթիբզահեդն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությանը:
Նա նշել է, որ երեկ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Զարիֆը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»:
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզադեհի փոխանցմամբ, Իրանը պատրաստ է ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
«Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն: Մենք համոզված ենք, որ որքան շուտ վերսկսվեն բանակցություններն, այնքան լավ, և հրադադարի հաստատումը միակ ելքն է: Իրանը վստահ է, որ այս ռազմական տարբերակն այս հակամարտության հարատև լուծում չունի»,- այսօր ասել է ԻԻՀ ԱԳ խոսնակը:
Խաթիբզադեհի խոսքերով, «Իրանն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին և ակնկալում է կրակի դադարեցում»:
«Հրադադարի արագ հաստատումը, ռազմական գործողությունների դադարեցումը և բանակցությունների վերսկսումը խնդիրը լուծելու միակ հուսալի ճանապարհն է: Իրանի քաղաքականությունն այս հարցում երբեք չի փոխվել, Իրանը միշտ փորձել է աջակցել կողմերի միջև երկխոսությանը, մենք համոզված ենք, որ ռազմական տարբերակն այս երկարատև հակամարտության հարատև լուծում չի ապահովի»,- ասել է Խաթիբզադեհը:
Խոսնակն ասել է, որ «դժբատխտաբար, երկու երկրներում էլ խաղաղ բնակիչներն են տուժում այդ կոնֆլիկտից»:
comment.count (0)