lragir.am: Թուրքիան իր պահվածքով իր՝ Մինսկի խմբում ներգրավված մնալու հեռանկարը ոչնչացնում է, որովհետև հակամարտող կողմ է հանդես գալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Թուրքիան իր սպառազինությամբ, բանակի ինտելեկտուալ ներգրավվածությամբ մասնակցում է Արցախի դեմ սանձազերծած պատերազմին։ Ավելին, արդեն բացահայտված է թուրքական զինուժի շատ ակտիվ մասնակցությունը։ Նաև այնպիսի տպավորություն է, որ Թուրքայի Զինված ուժերի գլխավոր շտաբն է ղեկավարում այս բոլոր գործողությունները։ «Այդպիսի տեղեկություն էլ կա, բայց պատերազմի ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ դա արդեն իրանություն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, ըստ Քոչարյանի, ակնհայտ է, որ այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմ։ Եվ, բնականաբար, Արցախի մասնակցությունն օրհասական է։ Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ։ 1994 թվականի զինադադարի պայմանագիրն, ըստ նրա, պետք է թարմացվի։ Առանց Արցախի մասնակցության խաղաղության հեռանկար ակնկալել տևական ժամանակ հնարավոր չէ։
comment.count (0)