Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն է ընդունել
22:57 - 18 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդն Արցախին աջակցող հայտարարություն է ընդունել

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայել իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։ 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկությամբ։ Ստորև ներկայացվում  հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը։ 

Ս. թ. հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր սպառազինության կիրառմամբ ուժգին հարձակում է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության վրա: Այս ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Տավուշի մարզում, ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է «Մեծամորի ատոմակայանին հարվածելու հնարավորությամբ՝ Հայաստանին աղետ պատճառելու նպատակով»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և խաղաղ բնակչությունը:

Այս պատերազմը բռնկվել է Թուրքիայի աջակցությամբ, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել օսմանյան թուրքերի պատասխանատվությունը 1915 և 1916 թվականներին իրականացված ցեղասպանության հարցում: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի՝ Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններն են տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու մարտերին և մահ սերմանելու Լեռնային Ղարաբաղում:

Մի քանի տասնամյակ շարունակվող և Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին հակադրող այս հակամարտության մեջ Ֆրանսիան փորձել է խաղաղ լուծում գտնել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում, որն այն համանախագահում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ:  

Խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից:
 
Հաշվի առնելով, որ այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած Ադրբեջանի նկատմամբ, որի թիրախը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչությունն է,
 
հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմատենչ դիրքորոշումները՝ ի աջակցություն Ադրբեջանի, և սիրիական վարձկանների տեղափոխումը անընդունելի են ու պարունակում են տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ,

հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակիչներ, մասնավորապես՝ Ստեփանակերտում, ռազմական գործողությունների պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը, և առկա է մարտերն անհապաղ դադարեցնելու մարդասիրական անհրաժեշտություն,
 
հաշվի առնելով, որ ռուսական դիվանագիտության նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, որը հոկտեմբերի 10-ին համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից, չի հարգվել,
 
Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որպեսզի ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը. 
 
Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել