armenpress.am: Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Սիրիայից ու Լիբիայից ներգրավված վարձկան-ահաբեկիչների խնդրի մասին և ներկայացնելով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի՝ Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա այցերի և Իրանի մշակած ծրագրի մանրամասները:
«Ահաբեկիչների վերաբերյալ մենք գրեթե վստահ ենք, որ նրանք մասնակցել են բախումներին: Մենք ընդգծել ենք, որ այդ քայլը ոչ մեկի օգտին չէ: Բանակցությունների ընթացքում և դրանցից առաջ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Թուրքիային հայտնել ենք, որ Իրանը նման բան չի հանդուրժելու: Այժմ այդ ահաբեկիչները մեր սահմանների մոտ չեն, սակայն հավանական է, որ մեր սահմաններից որոշակի հեռավորության վրա են, և մենք կողմերին լրջորեն հայտնել ենք մեր մտահոգության մասին»,- ասել է Զարիֆը:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայացնելով ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախագծի մանրամասները ԱԳ նախարարը նշել է․ «Ղարաբաղում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք խորհրդակցել ենք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Վստահ ենք՝ այս պատերազմից ամենաշատ վնասները կրում են տարածաշրջանային երկրները և հենց այդ երկրները կարող են ամենաշատ ազդեցությունն ունենալ պատերազմին վերջ տալու համար: Այս համատեքստում առանց ջանալու մրցակցել առկա մեխանիզմների հետ, ինչպիսին է Մինսկի խումբը, այդ խորհրդակցություններն առաջ տարանք»: Զարիֆը նշել է, որ սպասում են նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաև ռուս ու թուրք գործընկերների կարծիքներին:
comment.count (0)